Հունգարական MVM-ի գլխավոր տնօրենը՝ «Շահ Դենիզ»-ում բաժնետոմսերի գնման մասին
Հունգարական MVM ընկերությունների խումբը գնել է Ադրբեջանի «Շահ Դենիզ» օֆշորային գազակոնդենսատային հանքավայրի 5% մասնաբաժինը:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է խմբի գլխավոր տնօրեն Քերոլի Մաթրայը։
«Երեկ մենք պայմանագիր ստորագրեցինք SOCAR-ի հետ, կուզենայի հայտարարել, որ MVM-ն գնել է «Շահ Դենիզ» հանքավայրի 5 տոկոս բաժնետոմսերը, որն աշխարհի ամենամեծ գազային հանքավայրն է։ Ուստի մենք շատ հպարտ ենք Ադրբեջանի հետ այս առանձնահատուկ հարաբերություններով»,- հինգշաբթի ասել է Մաթրայը Բաքվում տեղի ունեցած էներգետիկ ֆորումում։
Նա նաև ընդգծել է, որ Հունգարիայի և Ադրբեջանի միջև կա մեծ բարեկամություն, երկրները շատ սերտ համագործակցում են հատկապես էներգետիկ ոլորտում։
«Ինչ վերաբերում է մեզ՝ Հունգարիային, բնական գազը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ այն անցումային վառելիք է, որը տարածված է հունգարական տնային տնտեսություններում: (...) Բնական գազը ներկրում ենք հիմնականում Ռուսաստանից, բայց նաև Ադրբեջանից։ Ադրբեջանը մեզ համար շատ կարևոր գործընկեր է»,- ընդգծել է նա։