Ադրբեջանի նախագահը Դավոսում հանդիպել է «Adani Group»-ի նախագահի հետ
Հունվարի 19-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Adani Group»-ի հիմնադիր և նախագահ Գաուտամ Ադանիի հետ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանը հանդիսանում է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների նախաձեռնողն ու հիմնական տրանսպորտային և լոգիստիկ հանգույցներից մեկը, քննարկվել են այդ նախագծերի շրջանակներում համագործակցության հեռանկարները։ Նշվել է նաև Ադրբեջանի տարածքով անցնող Միջին միջանցքի առանձնահատուկ նշանակությունը Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի համատեքստում։
Ադանին հայտարարել է, որ «Adani Group»-ը հարուստ փորձ ունի Հնդկաստանի և աշխարհի տարբեր տարածաշրջանների նավահանգիստների կառավարման, տրանսպորտի և փոխադրումների ոլորտներում, ինչպես նաև ուղիղ ներդրումներ է կատարում այդ ոլորտներում աշխարհի մի շարք երկրներում։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել օտարերկրյա ուղղակի ներդրումների համար Ադրբեջանի գրավչության, երկրի տնտեսության զարգացման և «Adani Group»-ի հետ նավթաքիմիական, հանքարդյունաբերական, մետալուրգիական արդյունաբերության ոլորտներում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում համագործակցության հեռանկարների շուրջ:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել պատվիրակությունների փոխայցելություններ կազմակերպելու և հետագա համագործակցության առավել մանրամասն քննարկման շուրջ։