«Հրապարակ»-ը նեղացել է Caliber.Az-ից Գայթակղության Անահիտ
Անցած շաբաթ օրը մեր կայքը հրապարակել էր «Հայ նախարարը դեմ չէ ադրբեջանական Ղարաբաղին» խորագրով մի փոքրիկ հոդված, որը պարունակում էր հատվածներ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ «Հրապարակ»-ին տված հարցազրույցից։ Իհարկե, մենք կռահում էինք, որ մեր կայքի նյութերը Հայաստանում ուսումնասիրվում և վերլուծվում են համարյա մանրադիտակի տակ, այդ թվում՝ հայ լրագրողների կողմից, բայց չէինք ենթադրում, որ վերջիններս, պարզվում է, նաև չափազանց դյուրազգաց էակներ են: Սակայն «Հրապարակ»-ի դեպքում հենց այդպես էլ եղավ:
Արդեն հաջորդ օրը՝ կիրակի, պարբերականի նույն թղթակից Վահե Մակարյանը, ով հարցազրույցում բառացիորեն «խոշտանգում էր» Անահիտ Ավանեսյանին, չծուլացավ պատասխան գրել։ Գրել է, թե «Ադրբեջանական մամուլը ուշի ուշով հետևում է հայկական լրատվական միջոցների, այդ թվում՝ «Հրապարակի» հրապարակումներին և դրանից յուրահատուկ, միայն իրենց ձեռնտու «վերլուծություններ» անում, որոնք բխում են բացառապես երկու սուբյեկտի՝ Ադրբեջանի իշխանությունների և Հայաստանի իշխանությունների շահերից։
Ադրբեջանական լրատվական կայքերն իրենց «վերլուծություններում» անդրադառնալով Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու դեմ ուղղված ներհայաստանյան պրոցեսներին, ուժերին և անհատներին, օգտագործում են նույն թեզերը, բառամթերքն ու ձևակերպումները, ինչ Հայաստանի իշխանություններն ու իշխող կուսակցություն ՔՊ-ն։ Եւ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների բոլոր քայլերը բխում են բացառապես Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերից։
Ահավասիկ, ադրբեջանական Caliber.az կայքը վերցրել է երեկ հրապարակված մեր հարցազրույցը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, որտեղ մենք փորձել ենք Ավանեսյանից դիրքորոշում կորզել Ղարաբաղի ճակատագրի մասով: Կայքը սեփական դիտարկումներն է արել դրա վերաբերյալ, որ Ավանեսյանն այդպես էլ չի հայտարարել, թե դեմ է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում տեսնելուն, և հոդվածին այսպիսի վերնագիր են դրել․ «Հայկական նախարարը դեմ չէ ադրբեջանական Ղարաբաղին»։
Սրանից, վստահաբար, ոչ «հայկական նախարար» Անահիտ Ավանեսյանը, ոչ էլ նրա քաղաքական ղեկավարությունը վատ չեն զգա կամ ամոթից գետինը չեն մտնի, բայց մենք նրանց փոխարեն ամաչում ենք, որ մեր երկրի առողջապահության նախարարի հարցազրույցից ադրբեջանական կայքերն այսպիսի եզրահանգումներ են արել, գուցե՝ ցավալիորեն տեղին», - գրել է «Հրապարակ»-ը։
Ավանեսյանի հարցազրույցից, անշուշտ, համապատասխան եզրակացություններ արել ենք Ղարաբաղի հարցում նրա դիրքորոշման վերաբերյալ։ Ու թեև Անահիտ Ավանեսյանն ընդամենը առողջապահության նախարար է, այնուամենայնիվ, նրա պատասխանները բարոմետր են, որով կարելի է գնահատել Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ներկայումս տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Ամբողջ հարցազրույցում հենց այս պահն էր մեզ հետաքրքրում: Համաձայնեք, անտրամաբանական կլիներ ուշադրություն չդարձնել դրան այն պահին, երբ Բաքուն հստակ մեսիջներ է ուղարկում Երևանին խաղաղության համաձայնագրի կնքման վերաբերյալ։
Ակնհայտ է նաև, որ Ավանեսյանը՝ լինելով ՀՀ կառավարության անդամ, իսկ ավելի կոնկրետ՝ կառավարության «սոցիալական բլոկի» անդամ, քաջ գիտակցում է, որ իրավիճակի հետագա սրումը վնաս է առաջին հերթին իր երկրին, որն առանց այդ էլ գտնվում է սոցիալ-տնտեսական ծանր վիճակում: Ի՞նչ վատ բան կա, որ մենք ուշադրություն դարձրեցինք այն հանգամանքի վրա, որ նախարարը չցանկացավ տրվել «Հրապարակի» թղթակցի սադրանքներին։
Ի դեպ, ընթերցողները կարող են հարցնել՝ որտե՞ղ է «Հրապարակ»-ի հրապարակման մեջ Caliber.Az-ի նկատմամբ վիրավորվածությունը։ Պատասխանում ենք՝ հայերեն հոդվածի եզրափակիչ մասում։
«Ադրբեջանական տվյալ լրատվամիջոցն իր վերլուծականում անդրադարձել է նաև «Հրապարակ» օրաթերթին և այս հարցազրույցի հեղինակ լրագրողին՝ որոշակի «բնութագրական» մտքեր արտահայտելով լրագրողի և լրատվամիջոցի հասցեին։ Մասնավորապես, կայքը գրել է. «Լրատվամիջոցի թղթակից Վահե Մակարյանը ակնհայտորեն համակրում է «նախկիններին» և հարում է ռևանշիստների ճամբարին»:
Նկատենք, որ այս նույն բառապաշարն ու ձևակերպումները մեր մասին օգտագործում են մեկ էլ Հայաստանի իշխանությունները, թե մենք համակրում ենք նախկիններին, որոնց տասը տարի շարունակ քննադատում էինք, հիմա՝ նույնպես, և որ մենք հարում ենք «ռևանշիստների ճամբարին»։ Ռևանշիստ ասելով՝ ադրբեջանական մամուլը նկատի ունի ընդդիմությանը», - գրել է Մակարյանը:
Մակարյանի անձի և քաղաքական հակումների վերաբերյալ «որոշակի բնութագրական մտքեր» մեզ մոտ հայտնվեցին հարցազրույցին ծանոթանալուց հետո, որտեղ հարցազրուցավարը համառորեն փորձում է կորզել իրեն հարմար պատասխանը։ Մենք նաև ուսումնասիրել ենք նրա վերջին հրապարակումները, այսինքն՝ մեր պնդումներն անհիմն չէին։ Եթե մեր հայ գործընկերը հրաժարվում է ընդունել Ղարաբաղի վերաբերյալ ակնհայտ իրականությունը, եթե «նախկինների» նման երազում է ռևանշի մասին, ապա ո՞ր ճամբարին է նա պատկանում։ Այստեղ ամեն ինչ ակնհայտ է: Անհասկանալի է միայն, ինչու՞ վիրավորվել ակնհայտ փաստից։