Բայրամովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մասին
Ադրբեջանը մի քանի օր առաջ Հայաստանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը։
Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը նշել է, որ հունգարացի գործընկերոջը տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մասին։
Նախարարն ընդգծել է, որ մինչ այս տարվա մայիսին Ալմաթիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները, Բաքուն Երեւանին է փոխանցել խաղաղ պայմանագրի նախագծի վերաբերյալ իր առաջարկները։
«Օրեր առաջ Հայաստանից ստացանք խաղաղության պայմանագրի հերթական առաջարկը։ Նշեմ, որ բաց հարցերն ավելի քիչ են։ Դրական առաջընթաց է նկատվում»,- ասել է Բայրամովը։
Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին և պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կայուն խաղաղության հասնելու համար։