Նախչըվանի դատախազ. Արազը աղտոտվում է Հայաստանի մետալուրգիական ձեռնարկությունների թափոններով
Արազ գետն աղտոտվում է ինչպես Հայաստանի տարածքում գործող ԱԷԿ-ից, այնպես էլ տարբեր մետալուրգիական ձեռնարկություններից թափվող թափոններով։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին Նախչըվանի Ինքնավար Հանրապետության դատախազ Սանան Փաշաևն ասել է՝ «Կլիմայի փոփոխությանը նպաստող բնապահպանական ջրային խախտումները» թեմայով գիտագործնական կոնֆերանսի ժամանակ։
«Արազ գետը աղտոտվում է Հայաստանի ԱԷԿ-ի և տարբեր մետալուրգիական ձեռնարկությունների թափոններով։ Կան տարածքներ, որոնք գտնվում են Արազ գետին մոտ, ինչպես նաև բազմաթիվ բնակավայրեր, ցանքատարածություններ և արոտավայրեր։ Արազ գետի նման աղտոտումը լրջորեն սպառնում է ինքնավար հանրապետության բնակչության կյանքին ու առողջությանը, տնտեսությանը, գյուղատնտեսությանը»,- ասել է Սանան Փաշաևը։
Նշելով Նախչըվանում ստորգետնյա, մակերևութային և սահմանային ջրային օբյեկտների առկայությունը՝ Սանան Փաշաևն ընդգծել է, որ բոլոր շրջաններում իրականացվում են կրթական աշխատանքներ՝ կանխելու ջրային ռեսուրսների գերածախսումը։