Ո՞ւր է գեներալ Սուրովիկինը ՌԴ Պետդումայի պատգամավորը բացահայտել է իրականությունը
«Վագներ»-ի ապստամբությունից հետո տեսադաշտից կորած ռուս գեներալ Սերգեյ Սուրովիկինը հեռացվել է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությունից»։
Այս մասին News.ru-ին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիկտոր Սոբոլևը:
Նրա խոսքով, եթե Սուրովիկինը լուրջ խախտումներ չի արել, ուրեմն կարող է օգտակար լինել բանակում, բայց ամեն դեպքում այդ հարցերը ՌԴ ԶՈՒ գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինի իրավասության շրջանակում են, համապատասխան որոշումները նա է կայացնում։
Ավելի վաղ Readovka պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սուրովիկինը հանգստանում է Ռոստովում։ Այս մասին հայտարարել է նաև Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Վալերի Կարտապոլովը։
Հիշեցնենք, որ Սուրովիկինը (կամ, ինչպես նրան անվանում են «Արմագեդոն գեներալը», «Սիրիական մսագործը») անհետացել է դեպի Մոսկվա «արդարության երթի» ժամանակ, որը նախաձեռնել էր «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը: Այն ժամանակ ենթադրվում էր, որ գեներալը կալանավորվել է Պրիգոժինին աջակցելու համար, և որ նա գտնվում է Մոսկվայի «Լեֆորտովո» քննչական մեկուսարանում։
Ավելի ուշ մի շարք արևմտյան լրատվամիջոցներ գրեցին, որ Սուրովիկինը հարցաքննվում է ապստամբության հետ կապված, թեև նրան մեղադրանք չի առաջադրվել։ Ենթադրվում էր, որ այդ իրադարձություններից հետո, բացի Սուրովիկինից, երկրի անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել մի քանի այլ բարձրաստիճան զինվորականների։







