Ադրբեջանի նախագահն ընդունել է Ռուսաստանի Աստրախանի մարզի նահանգապետին
Դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզի նահանգապետ Իգոր Բաբուշկինի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը տարածել է «Ազերթաջ» լրատվական գործակալությունը։
Հանդիպմանը պետության ղեկավարը նշել է Ադրբեջանի արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանի առանձին մարզերի, այդ թվում՝ Աստրախանի մարզի հետ, և ընդգծել այդ համագործակցության դերը ադրբեջանա-ռուսական հարաբերությունների զարգացման գործում։ Իլհամ Ալիևը շեշտել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են նաև 2022 թվականին, ընդգծել է փոխայցելությունների և Բաքվում անցկացվող միջտարածաշրջանային համաժողովի կարևորությունն այս տեսանկյունից։
Անդրադառնալով Ադրբեջանի և Աստրախանի մարզի միջև ավանդական բարիդրացիական հարաբերություններին՝ երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել համագործակցությանն առնչվող ծրագրերի իրականացման կապակցությամբ։
Իգոր Բաբուշկինը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար, նշել է, որ Աստրախանի մարզի և Ադրբեջանի միջև համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է։ Որպես դրա վառ ցուցիչ՝ նա մատնանշել է այս տարվա 9 ամիսների արդյունքներով բեռնափոխադրումների 4 անգամ աճը: Իգոր Բաբուշկինի խոսքով, զգալիորեն ընդլայնվել է արտահանվող և ներմուծվող ապրանքների տեսականին։ Հյուրը կարևորել է Բաքվում անցկացվող միջտարածաշրջանային համաժողովը և գոհունակությամբ նշել, որ Աստրախանի մարզի և Ադրբեջանի համագործակցությունը նպաստում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ընդլայնմանը։