«Հայաստանը պետք է դադարեցնի կեղծավորությունը և մանիպուլյացիաները» Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Միրզոյանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները՝ հնչեցված հուլիսի 18-ին Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ ասուլիսում։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հերթական անգամ մեղադրելով Ադրբեջանին՝ առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ, ցույց տվեց, որ շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ։
«Այն, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանք ցուցաբերելու փոխարեն, խոչընդոտում է խաղաղ գործընթացին՝ շուրջ 30 տարի օկուպացման տակ գտնված Ղարաբաղում ապրող հայերի «իրավունքների և անվտանգության» պատրվակով, որտեղ ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումներ են իրականացվել, վկայում են Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին։ Խոսելով «Ղարաբաղի բնակչության» մասին՝ անընդունելի է նկատի ունենալ միայն հայ բնակիչների իրավունքները և անտեսել այդ հողերից վտարված ադրբեջանցի բնակիչների «իրավունքներն ու անվտանգությունը»։
Ադրբեջանն այն կողմն է, որը նախաձեռնում է երկխոսություն հայ բնակիչների հետ, և կարևոր է պատասխանել Ադրբեջանի այս բարիդրացիական քայլերին։ Միևնույն ժամանակ, հայկական կողմին պետք է պարզ լինի, որ Ադրբեջանը հավասարապես ապահովում և ապահովելու է երկրում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին պնդումները քաղաքական արկածախնդրություն են և շահարկություն Հայաստանի կողմից։
«Աղդամ-Խանքենդի ճանապարհով բեռնափոխադրումների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած առաջարկի դեմ առարկությունը վկայում է այդ պնդումների անհիմն լինելու մասին։
Միևնույն ժամանակ, առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ հայկական կողմը, որը խախտել է բոլոր սահմանները՝ շուրջ 30 տարի օկուպացման տակ պահելով ադրբեջանական տարածքները, դեռևս ամբողջությամբ չի դուրս բերել հայկական զինուժը ադրբեջանական տարածքներից, առաջ է քաշում պետական սահմանում հստակություն հաստատելու պայման և հայտարարում, որ դա առանցքային գործոն է բանակցային գործընթացում:
Այն փաստը, որ Հայաստանը, որը վերջին երեք տարիների ընթացքում չի կատարել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Նախչըվան տրանսպորտային հաղորդակցությունները բացելու իր պարտավորությունը, այժմ տարբեր պատրվակներով խոչընդոտում և նախապայմաններ է առաջ քաշում տրանսպորտային ենթակառուցվածքների բացման համար, ցույց է տալիս, որ այդ երկիրը դեռևս չի գիտակցում, որ գրեթե 30 տարվա քաղաքական ինքնամեկուսացման քաղաքականությունը ոչ մի լավ բան չի տվել։
Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ, ապա պետք է դադարեցնի կեղծավորությունն ու մանիպուլյացիաները, կատարի իր միջազգային իրավական պարտավորությունները՝ խաղաղ գործընթացը հաջողությամբ ավարտելու համար»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։