«Ուզում եք Խանքենդին վերածե՞լ Ուկրաինայի» AzTV-ն մերկացնում է Կրեմլի քաղաքականությունը/ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ադրբեջանի հեռուստատեսություն» (AzTV) պետական հեռուստաալիքի ղեկավար, կիրակնօրյա «Həftə» տեղեկատվական-վերլուծական հաղորդաշարի հաղորդավար Ռովշան Մամեդովը սուր քննադատության է ենթարկել մեր հյուսիսային հարեւան՝ Ռուսաստանի իշխանությունների պահվածքը։ Նա հարց է տվել՝ միթե՞ Ղարաբաղը կայսերական պետությունների համար այնքան համեղ պատառ է, որ նրանք չեն կարող դրանից ձեռք քաշել։
«Ակնհայտ է, որ այո: Ղարաբաղը՝ այդչափ ռազմավարական վայր է, որ բոլոր տարածաշրջանային ուժերն ունեն դրա հետ կապված իրենց պլաններ, շահեր և հավակնություններ։ Ինչ-որ մեկը Ղարաբաղը համարում է գործիք, որով կարելի է ազդել Ադրբեջանի վրա, ճնշում գործադրել մեր երկրի վրա, վերահսկել այն: Մյուսներն էլ Ղարաբաղին վերաբերվում են, որպես հսկայական թմրանյութերի պլանտացիայի, անվերահսկելի տարածք թմրանյութերի ապօրինի շրջանառության տարբեր երկրներ տարանցման համար, երրորդները՝ դիտարկում են, որպես գաղութ, որտեղ կարելի է հեշտությամբ թալանել Ադրբեջանի բնական օգտակար հանածոները: Եվ այս համոզմունքները 30 տարվա ընթացքում այնքան են արմատացել, որ Իրանը, Ֆրանսիան և Ռուսաստանը մինչև հիմա չեն կարողանում հաշտվել նրա հետ, որ ադրբեջանական բանակը հերոսաբար ազատագրել է Հայաստանի կողմից օկուպացված տարածքները։ Նրանք մինչև հիմա շոկի մեջ են Հայրենական պատերազմում Ադրբեջանի հաղթանակից։ Չէ որ նման հերուսություն այդ երկրներում չկա։ Իսկ մեզ համար Ղարաբաղը՝ հայրենիքն է, մեր պատիվն է, արժանապատվությունը։
Կամ դուք կվերանայեք ձեր վերաբերմունքը հաղթանակած Ադրբեջանի հետ, համակողմանիորեն կընկալեք այն իրողությունը, որ «Ղարաբաղը Ադրբեջան է», կամ կլինի այլ խոսակցություն»,- ընդգծել է Ռ. Մամեդովը։
Նա հիշեցրել է նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը. «Կարևոր եմ համարում այն, որ Հայաստանը, ըստ էության, բացահայտ հայտարում է այն մասին, թե նա ինչ է ուզում։ Եթե ուզում են խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության մասին, ապա դա չի ստացվի։ Մենք պատրաստ ենք այդ մասին խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի նման մարդկանց հետ, որոնք գրպանները լցրել են ռուս ժողովրդից գողացված միլիարդներով։ Նա Մոսկվայից այնտեղ է ուղարկվել շատ հստակ օրակարգով։ Մենք պատրաստ ենք խոսել այն մարդկանց հետ, ովքեր ապրում են Ղարաբաղում և ցանկանում են այնտեղ ապրել։ Մենք պատրաստ ենք դրան։ Ի դեպ, այս գործընթացը սկսվել է։
Եթե չլինի իմ կողմից հենց նոր հիշատակված երկրներից որևէ արտաքին միջամտությունը, և չձեռնարկվեն այդ գործընթացը դադարեցնելու փորձեր, ապա, կարծում եմ, որ այն կարող էր էլ ավելի դինամիկ ընթանալ։ Սակայն Փաշինյանի ու նրա իշխանության հետ սա ոչ մի կապ չունի։ Ինչպես արդեն ասել եմ, պետք է լինի կոնսենսուս Ադրբեջանի, Եվրոպական Միության, Միացիալ Նահանգների և Ռուսաստանի միջև, այսինքն այն երկրների և կառույցների միջև, որոնց Ադրբեջանը համարում է, որ ի վիճակի են նպաստել այս գործում»։
Ռ.Մամեդովը ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է Ադրբեջանին թույլ տա ինքնուրույն խոսել Ղարաբաղում բնակվող ազգությամբ հայ իր քաղաքացիների հետ։
«Մի՞թե նպատակը խաղաղությունը չէ։ Իսկ եթե ուզում եք Խանքենդին վերածել նման մի բանի, ինչը տեղի ունեցավ Ուկրաինայում, այդպես էլ ասեք։ Իսկ առայժմ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը չեն ծառայում խաղաղությանը։ Այդ թվում նաև Ղարաբաղ էմիսարներին ուղարկելը, Ռուբեն Վարդանյանի նմաններին Խանքենդի ուղարկելը, ռուս խաղաղապահների կողմից հայկական տեղանունների հիշատակումը և այլն»,- ընդգծել է AzTV-ի ղեկավարը։