Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Իրանին
Ադրբեջանի Հանրապետության տարածքներից դուրս ցանկացած այց պետք է իրականացվի՝ ԱՀ ազգային օրենսդրության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակներում սահմանված կանոնների պահպանմամբ։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն, պատասխանելով՝ «Վերջին օրերին տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետության 14 քաղաքացիներ օրենքով սահմանված սահմանային անցակետերից դուրս անցել են Ադրբեջանի Հանրապետության տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը» հարցին:
«Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ մեր տարածքներ ապօրինի անցնելու մասին հաղորդագրություններին, ապա պարզաբանման նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել ԱՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն։ Ներկայում այս հարցի վերաբերյալ սպասվում է հակառակ կողմի պատասխանը»,- ասել է նա։