Թուրքիայում ուսումնասիրում են Ադրբեջանի տարածքով թուրքմենական գազի փոխադրումը
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ուսումնասիրում են Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով թուրքմենական գազի դեպի Եվրոպա փոխադրման այլընտրանքները։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին Ստամբուլում Էներգետիկայի և կլիմայի ֆորումում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։
Նրա խոսքով, թուրքմենական գազի հարցը երկար տարիներ եղել է օրակարգում։
«Մենք գտնվում ենք մի փուլում, երբ հասունացել են պայմանները։ Գազի առաքման երեք տարբերակ կա. դրանցից մեկն այն է, որ թուրքմենական գազը Իրանի տարածքով Թուրքիա է փոխադրվում սվոպով։
Մյուս տարբերակն այն է, որ գազը Թուրքիա է հասնում Իրանի և Ադրբեջանի հետ փոխանակման միջոցով: «Որպես այլընտրանք, թուրքմենական գազը կարող է Թուրքիա մատակարարվել Կասպից ծովով անցնող խողովակաշարով, որն ըստ էության ավելի երկարաժամկետ է, ավելի կայուն և կապահովի ավելի մեծ թողունակություն»,- ասել է նախարարը։