Ջեյհուն Բայրամով. Հայաստանը արգելակում է Զանգեզուրի միջանցքի մասին համաձայնագրի կատարումը
«Մենք ականատես ենք, թե ինչպես է Հայաստանը արգելակում Զանգեզուրի միջանցքի մասին համաձայնագրի կատարումը».
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ TRT Haber-ին հղումով, այս մասին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Տարբեր պատրվակներով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելը ճիշտ մոտեցում չէ։ Սա ոչ մեկի, հատկապես Հայաստանի շահերից չի բխում։ Հույս ունենք, որ Հայաստանը վերջապես դա կհասկանա։ Այս հարցերը պարբերաբար քննարկվում են։ Կան պահեր, որոնք չեն բացահայտվում։ Սակայն Ադրբեջանի դիրքորոշումը Ռուսաստանի և Եվրամիության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացումն է։ Օկուպացիայի ավարտից հետո մենք առաջարկեցինք սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Այս մասին հրապարակավ հայտարարելով՝ մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Տարվա ընթացքում Ադրբեջանի կոչը մնաց անպատասխան. 2022 թվականի սկզբին Ադրբեջանը նախանշեց ապագա խաղաղության պայմանագրի հետ կապված հիմնական սկզբունքները և ուղարկեց Հայաստան։ Այս փաստաթղթում նշված բոլոր կետերը համապատասխանում են միջազգային իրավունքին, պետությունների տարածքային ամբողջականությանը»,- ասել է նախարարը։