Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Բաքվում կայանալիք COP29-ի առանցքային խնդիրների մասին
Կլիմայի ֆինանսավորումն այն առանցքային հարցերից է, որը կքննարկվի՝ 2024 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովում:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի COP29-ի գլխավոր բանակցող, փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը՝ «COP28-ից հետո. ժամանակն է միավորվելու, գործելու և իրականացնելու ԱՄԷ-ում ձեռք բերված կոնսենսուսը» բարձր մակարդակի կլոր սեղանի ժամանակ։
«COP29-ում մեր առանցքային խնդիրներից մեկը կլինի ֆինանսավորման մեխանիզմների մշակումը: Շատ կարևոր կլինի՝ մեղմացման, հարմարվողականության և կորուստների փոխհատուցման համար ֆինանսավորման մոբիլիզացումը, ինչը երկրներից, միջազգային կազմակերպություններից և մասնավոր հատվածից կպահանջի միավորել ուժերը», - ասել է նա:
Յ.Ռաֆիևը նշել է, որ միայն ներառական COP-ի միջոցով հնարավոր կլինի որոշել առաջընթացի ճիշտ ուղին:
«Դա կլինի մեր հիմնական առաջնորդող սկզբունքը։ Մեր համագործակցության շրջանակներում մենք ձեռք ձեռքի տված կաշխատենք ԱՄԷ-ի և Բրազիլիայի հետ՝ ապահովելու կլիմայի և կայունության խնդիրների վրա կենտրոնացած ապագա»,- հավելել է նա:
Փոխնախարարն ընդգծել է Էներգետիկայի ոլորտում Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) կարևոր դերը։