Էրդողան. Միասնությունը թուրքական պետությունների լուսավոր ապագայի գրավականն է
Համերաշխությունը, համախմբվածությունը և եղբայրական հարաբերությունները թուրքական պետությունների լուսավոր ապագայի գրավականն են։
Այս մասին ուրբաթ օրը Ստամբուլում Թուրքական աշխարհի քաղաքապետարանների միության (TDBB) VI համագումարում հայտարարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
«Մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք համագործակցության ամրապնդման համար։ Միայն այդպես մենք կկարողանանք դիմակայել այն շրջանակներին, որոնք հանուն իրենց անվտանգության ու բարեկեցության պատրաստ են ոչնչացնել ողջ աշխարհը»,- ասել է նախագահը։
Էրդողանի խոսքով՝ եվրասիական տարածաշրջանը շուտով կդառնա աշխարհաքաղաքական գործընթացների կենտրոն։
«Մի աշխարհում, որտեղ պետությունների միջև փոխգործակցության աճի միտում կա տարբեր հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում, չկա ավելի բնական բան, քան ընդհանուր մշակույթի և պատմության հիման վրա համագործակցելու մեր ցանկությունը: Մենք պետք է գործենք հաշվի առնելով անցյալի դասերը։ Միայն այս կերպ մենք կկարողանանք արժանի տեղ զբաղեցնել փոփոխվող աշխարհակարգում։ Մեր երկրներն անգնահատելի ներուժ ունեն աշխարհագրական դիրքի, ժողովրդավարական զարգացման, տնտեսական և քաղաքական առումով»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։