Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին
Մեր հարաբերությունները (Ադրբեջան – Չինաստան՝ Խմբ.) շատ հաջող զարգանում են փոխադարձ հարգանքի, փոխադարձ աջակցության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։ Ադրբեջանը այն առաջին երկրներից է, որն իր կարծիքն է հայտնել Թայվանի ընտրությունների վերաբերյալ։ Մենք ոչ միայն մտահոգություն ենք հայտնել, այլ նաեւ դատապարտել ենք։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այդ մասին ապրիլի 23-ին ADA համալսարանում «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով միջոցառման մասնակիցների հարցերին։
«Մեր «Մեկ Չինաստանի» քաղաքականությունը շատ լավ հայտնի է մեր չինացի գործընկերներին, և Չինաստանը նույնպես միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այսինքն այն եղել է մի տեսակ հիմք մեր համագործակցության համար, բայց հիմա մեր համագործակցությունը ընդլայնվում է քաղաքական և տնտեսական, ինչպես նաև տրանսպորտային ոլորտում։ Ես շատ անգամ եմ հանդիպել նախագահ Սի Ծինփինի հետ, և ինձ մոտ շատ հաճելի տպավորություններ են մնացել այդ հանդիպումներից։ Այդ հանդիպումները լրացուցիչ ազդակ են հաղորդել մեր հարաբերություններին։ Ներկա ժամանակ մենք տեսնում ենք ավելի շատ չինական ներդրող ընկերություններ Ադրբեջանի արդյունաբերական հատվածում, ինչը մենք բարձր ենք գնահատում։ Մեր քաղաքական շփումները կրում են կանոնավոր բնույթ, տեղի են ունենում բարձր մակարդակի պատվիրակությունների փոխանակում։
Տրանսպորտի ոլորտը գնալով ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում։ Անդրկասպյան տրանսպորտային երթուղին այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է տարեցտարի աճում Չինաստանից Ադրբեջանով բեռների ծավալը։ Ի դեպ, անցյալ ամիս Ղազախստանի նախագահի պետական այցի ժամանակ մենք՝ Չինաստանի Սիան քաղաքից Բաքու ժամանող կոնտեյներային գնացքի համատեղ դիմավորման արարողություն անցկացրեցինք։ Սա մեր երկրների համագործակցության համատեղ ցուցադրությունն էր։ Իհարկե, Ղազախստանն ու Չինաստանը շատ ավելի ակտիվ են համագործակցում։ Բայց Ադրբեջանն ու Չինաստանը նույնպես զարգացնում են համագործակցությունը շատ հեռանկարային և արդյունավետ ուղղությամբ։
Ես շատ եմ հավատում «Միջին միջանցք» նախագծի մեծ ապագային: Այստեղ, Ադրբեջանում, մենք կառուցել ենք բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքը, այդ թվում նաև նոր ժամանակակից ծովային նավահանգիստ։ Ի դեպ, հիմա մենք աշխատում ենք ծովային նավահանգստի ընդլայնման ուղղությամբ, քանի որ 100 հազար TEU և ընդամենը 15 միլիոն տոննա այսօրվա թողունակությունը բավարար չէ։ Մենք արդեն դա հասկանում ենք։ Մենք ցանկանում ենք այն հասցնել 25 միլիոն տոննայի և 500 հազարի կամ նույնիսկ 1 միլիոն TEU-ի, որպեսզի հնարավորություն ունենանք ընդունել բեռների աճող ծավալը ոչ միայն Չինաստանից, այլ նաև Կենտրոնական Ասիայից։ Որովհետև այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում այս երթուղին, ինչպես արդեն ասացի, անհրաժեշտ է։
Մենք նաև լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկում ինստիտուցիոնալ աջակցության առումով, քանի որ ֆիզիկապես ենթակառուցվածքները բավարար չեն։ Այսպիսով, մենք արդեն ստեղծել ենք համատեղ ձեռնարկություն Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի միջև։ Այժմ մենք ակտիվորեն աշխատում ենք տրանսպորտային երթուղու թվայնացման ուղղությամբ։ Մենք մեր մաքսային վարչարարությունում օգտագործում ենք արհեստական ինտելեկտի համակարգեր, որպեսզի բեռների վերամշակումը քիչ ժամանակ պահանջի, իսկ թափանցիկությունն ու բեռների նկատմամբ վերահսկողությունը բացարձակ լինի: Սա այն է, ինչով մենք հիմա զբաղվում ենք, երկաթուղիների, ծովային նավահանգիստների և այլնի կառուցման հետ միասին։
Դուք նաև նշեցիք Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը պակաս կարևոր չէ Ադրբեջանի համար։ Ես կասեի, որ սա իրոք «աշխարհագրական նվեր» է, որ մենք գտնվում ենք այս խաչմերուկում, քանի որ երկու ճանապարհներն էլ անցնում են մեր տարածքով։ Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ երթուղուն, մենք արդեն ունենք երկաթուղային ենթակառուցվածք, որը մեզ կապում է Ռուսաստանի և Իրանի սահմանների հետ։ Մենք շուտով կսկսենք կառուցել նոր երկաթուղային ենթակառուցվածք, քանի որ ակնկալում ենք, որ միայն Ռուսաստանից Պարսից ծոց կառաքվի առնվազն 15 միլիոն տոննա բեռ: Իսկ եթե ավելացնենք հակառակ ուղղությամբ բեռները, ապա, կարծում եմ, 15 միլիոնը՝ դա միայն սկիզբն է։ Այսօր Հյուսիս-Հարավ երկաթուղու ադրբեջանական հատվածով կարող է փոխադրվել վեց-յոթ միլիոն տոննա բեռ, ինչը բավարար է մեզ և տարանցիկ երկրների համար։ Բայց ապագայում մենք լրացուցիչ երկաթուղիների կարիք կունենանք։ Ուստի մենք արդեն աշխատում ենք ֆինանսական միջոցների կուտակման ուղղությամբ։ Գործնական շինարարական փուլը կսկսենք ոչ ուշ, քան հաջորդ տարի։ Փաստորեն, ռուսական սահմանից մինչև Բաքու հատվածը արդեն վերանորոգվում է։ Բայց հիմա մեզ պետք է Բաքվից մինչև իրանական սահմանը։
Եվ վերջինը։ Այս ճանապարհները բաժանված չեն լինելու, քանի որ դա թույլ կտա բեռնափոխադրումներ կատարել հարավից արևմուտք կամ հյուսիսից արևմուտք, ինչը արդեն տեղի է ունենում առկա ենթակառուցվածքներով։ Բայց նոր ենթակառուցվածքների շահագործման հանձնելու հետ ծավալները կավելանան, ինչը, անշուշտ, կմեծացնի Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը և մեզ լրացուցիչ ֆինանսական օգուտներ կբերի»,- ասել է նախագահ Ալիևը։