Թրամփը՝ Ալիևին. Ինձ համար մեծ պատիվ է հրավիրել Ձեզ միանալու իմ պատմական նախաձեռնությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։
ԱզերԹաջի հաղորդմամբ, ուղերձում ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ,
Ինձ համար մեծ պատիվ է հրավիրել Ձեզ՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահին, միանալու՝ Մերձավոր Արևելքում խաղաղությունն ամրապնդելու և համաշխարհային հակամարտության լուծման նոր ու համարձակ մոտեցում սկսելու իմ պատմական նշանակության և հիանալի նախաձեռնությանը։
2025 թվականի սեպտեմբերի 29-ին ես հայտարարեցի Գազայում հակամարտությունը դադարեցնելու համապարփակ ծրագրի մասին՝ քսան կետից բաղկացած և բացառիկ նշանակության ճանապարհային քարտեզ, որը արագորեն ընդունվեց աշխարհի բոլոր առաջնորդների, այդ թվում՝ արաբական աշխարհի խոշոր պետությունների, Իսրայելի ու Եվրոպայի ղեկավարների կողմից։ Այս ծրագիրը առաջ մղելու համար նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեծամասնությամբ ընդունեց 2803 բանաձևը՝ ողջունելով և հաստատելով մեր հայեցակարգը։
Ժամանակն է այս երազանքները իրականություն դարձնել։ Այս ծրագրի անկյունաքարը Խաղաղության խորհուրդն է՝ երբևէ ստեղծված ամենատպավորիչ և ազդեցիկ խորհուրդը, որը կհիմնադրվի որպես նոր միջազգային կազմակերպություն և անցումային կառավարման վարչություն։
Մեր ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի միավորել երկրների պատվավոր խումբ, որը պատրաստ է աջակցել երկարատև խաղաղություն հաստատելու ազնիվ առաքելությանը՝ պատիվ, որը բաժին է ընկնում նրանց, ովքեր ցուցաբերում են առաջնորդություն և զգալի ներդրում են ունենում ապագա սերունդների անվտանգությանն ու բարգավաճմանը։ Մոտ ապագայում մնք նիստ կանցկացնենք մեր հրաշալի և նվիրված գործընկերների հետ, որոնցից շատերը բարձր հարգանքի արժանացած համաշխարհային առաջնորդներ են։
Որպես Խաղաղության խորհրդի նախագահ՝ ես պաշտոնապես հրավիրում եմ Ադրբեջանի Հանրապետությանը՝ միանալ կազմակերպության կանոնադրությանը որպես հիմնադիր անդամ և դառնալ Խորհրդի անդամ պետություն։ Այս կազմակերպությունը կլինի եզակի իր տեսակի մեջ, քանի որ նման բան երբեք գոյություն չի ունեցել։ Յուրաքանչյուր անդամ պետություն կկարողանա առաջ քաշել լիազոր ներկայացուցիչ՝ իր անունից մասնակցելու Խորհրդի նիստերին։ Այս ուղերձին Դուք կից կգտնեք Խաղաղության խորհրդի համապարփակ ծրագիրը և կանոնադրությունը, որոնք սպասում են Ձեր ստորագրմանը և վավերացմանը։
Հուսով եմ Ձեզ հետ համագործակցությանը և այսուհետ՝ ամբողջ աշխարհում բոլորի համար երկարատև խաղաղության, բարգավաճման և բարության հասնելու համար։
Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝ անկեղծորեն Ձեր,
Դոնալդ Ջ. Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ»։







