Փորձագետ Բալասանյան. ԵՄ-ն Հայաստանին գումար կհատկացնի Ռուսաստանի սառեցված ակտիվներից
«Եվրամիությունը որոշել է ԵՄ տարածքում գտնվող ռուսական սառեցված ակտիվներից ստացված հասույթի 90%-ը հատկացնել Ուկրաինայի համար զենք գնելուն։ Այդ միջոցները կուղղվեն ԵՄ Խաղաղության հիմնադրամին»։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին գրում է միջազգային հարցերով փորձագետ Գրիգոր Բալասանյանը։
«Այս հիմնադրամից զգալի գումար, 10 միլիոն եվրո կհատկացվի նաև Հայաստանին՝ երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Այսինքն՝ ռուսական սառեցված ակտիվներից։ Ուզես, թե չուզես, դա այսպես է աշխատում։
Սա ոչ այլ ինչ է, քան գողություն օրը ցերեկով, և այնպիսի փոքր պետությունները, ինչպիսին Հայաստանն է, մեղսակից են դառնում այդքան չնչին ֆինանսական հատկացումների միջոցով, որպեսզի նրանց պահեն իրենց ազդեցության գոտում՝ հետագայում կոլեկտիվ պատասխանատվության սպառնալիքով:
Կարելի՞ է այդքան անհեռատես լինել և համաձայնվել լինել եվրոպական գործերի մաս: Մի՞թե Հայաստանին այդքան շատ են պետք այդ գումարները։ Այս գումարից երկու անգամ ավելին է հատկացվել ռեփերի չկայացած համերգին։ Իսկ ահա եվրոպացիները բարձրացնում են մեր անվտանգությունը, դեհ լավ...