Զինվորական դատախազություն. Ադրբեջանական բանակի զինծառայողն ինքնասպան է եղել
Քելբեջարի շրջանի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել՝ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Թաղիև Ռամալ Իսրաֆիլ օղլուի՝ հրազենի գործադրմամբ ինքնասպանության մասին։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել է՝ հանրապետության զինվորական դատախազի ավագ օգնական, Հանրապետական զինդատախազության մամուլի ծառայության ղեկավար, արդարադատության գլխավոր խորհրդական Ֆիրադ Ալիևը։
Նա նշել է, որ ստացված տեղեկությունների հիման վրա՝ Քելբեջարի զինվորական դատախազության և Զինվորական դատախազության քրեագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները զննել են դեպքի վայրն ու դիակը, առգրավել իրեղեն ապացույցներ, ցուցմունքներ են վերցրել և կատարել այլ գործողություններ։
Փաստի առթիվ Քելբեջարի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողություններ։
Հետաքննությունը շարունակվում է, բոլոր միջոցները կձեռնարկվեն օրենսդրության պահանջներին համապատասխան։