Միխալկո. ԵՄ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացին
Եվրամիությունը պաշտպանում է առաջընթացը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում և կշարունակի աջակցել Ադրբեջանին տարածքների ականազերծման հարցում։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին Բաքվում Եվրոպայի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հայտարարել է՝ Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն։
Դեսպանն ընդգծել է, որ ներկայումս ԵՄ-ն Ադրբեջանի հիմնական տնտեսական գործընկերն է՝ առևտրի, օտարերկրյա ուղղակի ներդրումների եւ նավթարդյունաբերության ոլորտում, ինչը շատ կարևոր է տնտեսության դիվերսիֆիկացման համար։
«Ադրբեջանում ներկայացված են ավելի քան 400 ընկերություններ ԵՄ երկրներից։ Մեր ամուր գործընկերությունը ցույց է տալիս, որ միասին մենք կարող ենք հասնել ամենաբարձր չափանիշների: Դրա օրինակ կարող է լինել նաև կրթության ոլորտը»,- ասել է նա:
Խոսելով այս տարվա նոյեմբերին COP29 կոնֆերանսի անցկացման մասին՝ Պյոտր Միխալկոն նշել է, որ Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանի հանձնառությունը՝ զարգացնելու իր ներուժը վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում, «որը հանդիսանում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման պլանի կարևոր մաս, ինչպես նաև ստորջրյա մալուխով մաքուր էներգիայի արտահանում դեպի Եվրոպա (Սևծովյան էլեկտրական մալուխի նախագիծ– խմբ.)՝ համագործակցելով ԵՄ անդամ մի քանի երկրների հետ»: