Փաշինյանի կուսակցությունում Լավրովի հայտարարությունները սադրանք են որակել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը որոշակի մտավախությունների տեղիք է տալիս, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին փաստի առաջ կանգնեցնել, որ լքում է տարածաշրջանը:
Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասել է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով Լավրովի խոսքերն այն ամսին, թե Հայաստանին ստիպում են իր տարածքից դուրս մղել ռուսական ռազմակայանը։
Նրա խոսքով, Հայաստանը երբևէ նման պահանջ չի առաջադրել և նման հարց չի բարձրացրել ռուս գործընկերների հետ երկխոսության ժամանակ։ «Մենք համագործակցության կողմնակիցներ ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ նման հայտարարությունը, մի կողմից, կարելի է համարել որպես Հայաստանից Ռուսաստանի դուրս գալու հող նախապատրաստող, ինչը անցանկալի է. մյուս կողմից՝ որպես ԱՄՆ-ի հետ հակասությունները Հայաստանի տարածք տեղափոխելու փորձ։
«Սա սադրանք է։ Նրանք երբեք չեն խոսել Հայաստանի հետ այս թեմայով, պարզվում է, որ նրանք ԱՄՆ-ի հետ իրենց հակասությունները փորձում են լուծել մեր միջոցով, չէ՞: Մենք ոչ մի ցանկություն չունենք (խառնվել սրան)։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ անընդունելի է այդ հակասությունները տեղափոխել Հայաստանի տարածք։ Մենք չենք ուզում, որ ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի այս հակասությունները լուծվեն կամ զարգանան մեր հաշվին»,- վրդովվել է պատգամավորը։