Իսմայիլլիի շրջանի ԳԻ-ն չեղյալ է հայտարարել Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքի հետ բարեկամության խարտիան
Մշտական խորհուրդը, որը Իսմայիլլիի շրջանի Գործադիր իշխանության ղեկավարին առընթեր խորհրդատվական մարմինն է, հայտարարություն է տարածել Իսմայիլլի և Էվիան-լե-Բեն քաղաքների միջև ստորագրված Բարեկամության և համագործակցության խարտիայի դադարեցման վերաբերյալ:
AZERTAC-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասվում է.
«2017 թվականին Էվիան քաղաքում տեղի ունեցավ «Ադրբեջանական զբոսայգու» և Բարեկամության աղբյուրի, ինչպես նաև ականավոր ադրբեջանցի բանաստեղծուհի Խուրշիդբանու Նաթավանի հուշարձանի բացման արարողությունը։
Միաժամանակ Իսմայիլլի քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղադրվեց «Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության այգի» հուշատախտակը։
Չնայած այն հանգամանքին, որ «քույր քաղաքների» գաղափարը ծառայում է տարբեր ժողովուրդների մշակույթին և կամուրջներ է ստեղծում տարբեր ազգերի ներկայացուցիչների միջև, և այս հայեցակարգն ինքնին քաղաքականությունից դուրս է, ֆրանսիական կողմը, ցավոք, քաղաքականացրեց այս հարցը և Հայրենական պատերազմից հետո դադարեցրեց քաղաքների միջև շփումները՝ որպես Հայաստանին աջակցության նշան:
2023 թվականի դեկտեմբերի 18-ին Էվիան քաղաքի քաղաքային խորհրդի նիստում անհիմն մեղադրանքներ հնչեցին մեր երկրի հասցեին և աջակցություն հայտնվեց Հայաստանին։ Քաղաքի քաղաքապետը նաև հայտարարեց, որ բոլոր գրառումները, որոնցում հիշատակվում էր «Ադրբեջանական այգին», ջնջվել են։
Ի նշան բողոքի Ֆրանսիայի կողմից բոլոր հարթակներում մեր երկրի նկատմամբ վարվող հակաադրբեջանական քաղաքականության և Էվիան քաղաքի քաղաքապետարանի որոշման՝ Իսմայիլլի և Էվիան-լե-Բեն քաղաքների միջև ստորագրված բարեկամության և համագործակցության խարտիան 2023 թվականի դեկտեմբերի 26-ից համարվում է անվավեր:
Բացի այդ, Իսմայիլլիի կենտրոնում գտնվող այգին պետք է կոչվի ադրբեջանցի հայտնի բանաստեղծուհի Խուրշիդբանու Նաթավանի անունով»։