Միրզոյանը COP29-ի հրավեր է ստացել
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել մասնակցելու՝ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին (COP29): Այս մասին Factor.am պորտալին հայտնել է Հանրապետության փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Այս հարցը քննարկվում է մի քանի առումներով՝ թե՛ խաղաղության հաստատման, թե՛ հումանիտար խնդիրների լուծման, թե՛ միջոցառման օրակարգի հետ կապված։ Դուք գիտեք, որ սա կլիմայի փոփոխությանը նվիրված ամենահեղինակավոր միջազգային միջոցառումն է։ Հաշվի առնելով բոլոր այն հանգամանքները, որոնք ես նշեցի, մենք շուտով որոշում կկայացնենք, թե Հայաստանը ինչ մակարդակով է ներկայացվելու»,- նշել է նա։
Հարցին, թե հնարավո՞ր է Միրզոյանի ներկայությունը COP29-ին, Հովհաննիսյանը պատասխանել է, որ «ոչ մի տարբերակ չի բացառվում» և հավելել, որ «ամեն ինչ կախված է առաջիկա շաբաթների զարգացումներից»։