Բայրամով. Հայաստանը չի ընդունել Ադրբեջանի հետ պայմանական սահմանին անցակետ տեղադրելու առաջարկը
«Պաշտոնական Երևանն ընդունելի չի համարել ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին անցակետեր տեղադրելու առաջարկը»:
Ինչպես հաղորդում է Сaliber.Az-ը, այս մասին լրագրողներին ասել է ԱՀ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով, Հայաստանը խուսափում է բանակցություններից և առանց բացատրության մերժում է այս առաջարկը. «Վերջին երկու տարիներին Լաչինի ճանապարհն օգտագործվում է անօրինական նպատակներով։ Այս մասին բազմիցս տեղեկացվել են միջազգային կազմակերպությունները, ճեպազրույցներ են անցկացվել մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար։ Եվ, բնականաբար, այս անօրինական գործունեությունը արդարացի դժգոհություն առաջացրել է ադրբեջանական հասարակության մոտ։ Դեկտեմբերին սկսված բողոքի ակցիաների պատճառը հենց Լաչինի ճանապարհի անօրինական նպատակներով օգտագործելն էր»։
Արտգործնախարարը հիշեցրել է, որ որպես այդպիսի լուծում՝ Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի հետ կայացած հանդիպման ժամանակ, ապա նաև պանելային քննարկումների ընթացքում առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին։ «Նույնիսկ միջազգային գործընկերներն են այդ առաջարկը նպատակահարմար համարում: Սակայն Հայաստանի արտաքին գործերի նախարարը, առանց որևէ բացատրության, հայտարարեց, որ դա անընդունելի է իր երկրի համար։ Մենք կարծում ենք, որ դա նշանակում է, որ Հայաստանը շահագրգռված չէ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարմամբ»։