Ադրբեջանն ակնկալում է ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառությունը նոր մակարդակի հասցնել
Ադրբեջանն ակնկալում է, որ 2024 թվականի արդյունքներով, Ռուսաստանի հետ հանրապետության առևտրաշրջանառությունը կգերազանցի անցյալ տարվա ռեկորդային ցուցանիշը՝ 4,4 մլրդ դոլար: Այս մասին ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային XII ֆորումում հայտարարել է՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«2023 թվականին մեր ապրանքաշրջանառությունն աճել է 17,5 տոկոսով՝ հասնելով շուրջ 4,4 միլիարդ դոլարի ռեկորդային առավելագույնին: Այս տարվա վերջում մենք հույս ունենք հասնել նոր, ավելի բարձր ցուցանիշների», - ասել է Մուստաֆաևը:
Փոխվարչապետը հատկապես նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ավելի քան 8,7 մլրդ դոլար է ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ, իսկ ադրբեջանցի ձեռնարկատերերն իրենց հերթին ներդրումների տեսքով ավելի քան 1 մլրդ դոլար են ներդրել։ «Ներկայումս Ադրբեջանում Ռուսաստանի մասնակցությամբ ներդրումային նախագծերի մեծ փաթեթ է իրականացվում։ Անցյալ տարվա հունիսին Ջաբրայիլի շրջանում բացվել է բեռնատարների և գյուղտեխնիկայի սպասարկման կենտրոն, որը ստեղծվել է «Կամազ» ԲԲԸ-ի մասնակցությամբ։ Հատկանշական նախագծերից կարելի է նշել նաև «Կամազ» և «Ուրալ» բեռնատարների արտադրության և հավաքման նախագծերը, շահագործման է հանձնվել «Գազել» մեքենաների հավաքման գործարանը»,- նշել է Մուստաֆաևը։