Ղազախստանի վարչապետը Աստանայում Ադրբեջանի դեսպանատան սգո մատյանում գրառում է թողել
Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը Աստանայում Ադրբեջանի դեսպանատանը բացված սգո մատյանում գրառում է թողել՝ կապված Ակտաուի մերձակայքում AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետևանքով բազմաթիվ զոհերի հետ։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Ղազախստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրությանը:
«Այս ծանր պահին Ղազախստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մտերիմներին։ Կիսելով կորստյան ցավը՝ ավիավթարից տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում, իսկ ադրբեջանական ժողովրդին՝ համբերություն ու տոկունություն։ Մենք եղբայրական Ադրբեջանին կտրամադրենք համապատասխան օգնություն և համակողմանի աջակցություն»,- գրել է Բեկտենովը։
Հետո մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։