Պուտինն ՇՀԿ գագաթնաժողովում կհանդիպի Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա այլ պետությունների ղեկավարների հետ։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ասել է, որ երկրի իշխանությունները ՇՀԿ-ի առաջիկա գագաթնաժողովը դիտարկում են որպես նախագահի և նրա արտասահմանյան գործընկերների միջև շփումներ կազմակերպելու հնարավորություն։ Այդ կապակցությամբ Պուտինի ծրագիրը տվյալ միջոցառմանը կներառի «մի շարք շատ կարևոր» հանդիպումներ։
Արդեն հուլիսի 3-ին՝ պրոտոկոլային միջոցառումների մեկնարկից մեկ օր առաջ, պետության ղեկավարը բանակցություններ կվարի Ադրբեջանի և Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Նույն օրը Ռուսաստանի առաջնորդը կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանի, մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։