Վիետնամի նախագահը Ադրբեջանի դեսպանին. Հանոյը շահագրգռված է Բաքվի հետ համագործակցությամբ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Վիետնամի նախագահ Նգուեն Սյուան Ֆուկն ընդունել է Ադրբեջանի դեսպանին։ Դեսպան Շովգի Մեհդիզադեն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի ղեկավարին։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ վիետնամական Vietnamplus կայքին հղումով։
Շնորհավորելով դեսպան Մեհդիզադեին՝ Նգուեն Սյուան Ֆուկն ասել է, որ Վիետնամը միշտ մեծ նշանակություն է տվել՝ Ադրբեջանի հետ բարեկամությանը և բազմակողմ համագործակցությանը։
Ընդգծելով առևտրային համագործակցության կարևորությունը՝ Վիետնամի նախագահը նշել է, որ երկու կողմերը պետք է շարունակեն զարգացնել հարաբերություններն այս ուղղությամբ։ Վիետնամը մտադիր է էլեկտրոնային սարքավորումներ, պահեստամասեր, պղպեղ արտահանել Ադրբեջան, ինչպես նաև ներկրել հում նավթ և ընդլայնել համագործակցությունը այլ ոլորտներում, այդ թվում՝ մշակույթը, կրթությունը, զբոսաշրջությունը, պաշտպանությունը և միջանձնային փոխանակումը։
Իր հերթին, դեսպան Մեհդիզադեն ասել է, որ Ադրբեջանը հատուկ ուշադրություն է հատկացնում Վիետնամի հետ հարաբերություններին։ Դիվանագետը նաև Վիետնամի բարձրաստիճան պաշտոնյաներին է փոխանցել Իլհամ Ալիևի հրավերը՝ մասնակցելու Չմիավորման շարժման գագաթնաժողովին, որը նախատեսված է 2023 թվականի սկզբին։