Գերի Ջոնս. BP-ն ամբողջությամբ կվերականգնի նավթի առաքումները Ջեյհանի տերմինալում
Հաջորդ շաբաթվանից BP-ն ամբողջությամբ կվերականգնի նավթի առաքումը համաշխարհային շուկաներ Ջեյհանի տերմինալից, որը ավելի վաղ դադարեցվել էր նավամատույցներից մեկի վնասվելու պատճառով։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում BP-ի տարածաշրջանային նախագահ Գերի Ջոնսը։
Փետրվարի 6-ի ուժեղ երկրաշարժից հետո BP-ն սկսեց ստուգել Թուրքիայում գտնվող բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթամուղը և Ջեյհան տերմինալը:
Նրա խոսքով՝ ստուգումները ցույց են տվել, որ լուրջ վնասվածքներ չկան։
«Այդ պատճառով արտահանման աշխատանքները չեն դադարեցվել։ Արտահանվող հում նավթը հավաքվել է Ջեյհան նավահանգստում տեղակայված ռեզերվուարներում։ Այդ ռեզերվուարներից նավթի արտահանումը նույնպես շարունակվում է։ Հաջորդ շաբաթվանից առաքումն ամբողջությամբ կվերսկսվի։ Մենք կշարունակենք բանակցությունները թուրքական կառավարության հետ այս ողբերգական ժամանակաշրջանում և կշարունակենք օգնություն ցուցաբերել»,- ասել է Ջոնսը: