Փաշինյանի կուսակցությունը՝ ադրբեջանական գազի գնման մասին
Եթե Ադրբեջանն ուզում է այլընտրանքային գազ մեզ մատակարարել, ապա կարելի է քննարկել:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ չի բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել։
«Ադրբեջանից գազ կգնվի, թե ոչ, դա ավելի շատ հետագայի և տեսական հարց է, սակայն եթե ունենանք այնպիսի մի իրավիճակ, երբ կարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել նրա հետ, ու եթե մեզ որևէ ռեսուրս պետք է, մենք պետք է նայենք` ով է այդ ռեսուրսն ավելի էժան ու որակով, արագ մատակարարում։ Եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանը, ապա կարելի է քննարկել դա, եթե դա բխում է ՀՀ շահերից` իհարկե, միշտ պահելով դիվերսիֆիկացիան և այլընտրանքային աղբյուրները»,– հայտարարել է նա։