Նախչըվանում դպրոց է փլուզվել. կան զոհեր եւ վիրավորներ ԼՈՒՍԱՆԿԱՐ/ԹԱՐՄԱՑՎԱԾ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեղեկություն է տարածել Նախչըվանում դպրոցի շենքի փլուզման հետ կապված։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, մարտի 31-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Բաբեքի շրջանի Նեհրամ գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցի շենքի փլուզման հետևանքով Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի Բաբեքի շրջանային վարչության երեք աշխատակիցներ տեղում մահացել են՝ վերակառուցման աշխատանքների ժամանակ, ևս մեկ մարդ տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել է։
«Ներկայումս տեղի դատախազության աշխատակիցները դեպքի վայրի զննությամբ կատարում են անհրաժեշտ քննչական և այլ միջոցառումներ։ Նախաքննության ընթացքի մասին կտեղեկացվի հանրությանը։
Միաժամանակ, մենք վճռականորեն հերքում ենք՝ այս վթարի հետևանքով ավելի քան 20 մարդու մահվան և մեծ թվով մարդկանց վիրավորվելու մասին մի շարք լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խստորեն խնդրում ենք չտարածել չճշտված և ոչ պաշտոնական տեղեկատվություն»,- ասվում է Գլխավոր դատախազության հայտարարությունում։