Պատգամավոր. Ադրբեջանում կենսաթոշակները կբարձրանան մոտ 11 տոկոսով
Ադրբեջանում կենսաթոշակները կբարձրանան մոտ 11 տոկոսով։
Այս մասին «Թրենդ»-ի հարցին ի պատասխան հայտարարել է Միլլի Մեջլիսի (խորհրդարան) Տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովի անդամ Վուգար Բայրամովը։
Նրա խոսքով, նախնական տեղեկության համաձայն, կենսաթոշակները կինդեքսավորվեն ու կբարձրացվեն 10,8 տոկոսով:
«Ավելի ստույգ թիվ կհայտնի Պետական վիճակագրական կոմիտեն փետրվարի սկզբին։ Հաշվի առնելով, որ կենսաթոշակների ինդեքսավորման հիմնական չափանիշը նախորդ տարիներին միջին ամսական աշխատավարձի տոկոսային աճն է, 2023 թվականին միջին ամսական աշխատավարձի տոկոսային աճը կհայտարարվի այս տարվա փետրվարին։ Դրան համապատասխան տեղի կունենա նաև կենսաթոշակների պաշտոնական ինդեքսավորում։
Նախորդ տարիներին Ադրբեջանի մոտ հարյուր հազար քաղաքացիների կենսաթոշակները չեն ինդեքսավորվել։ Սակայն այժմ միասնական ինդեքսավորման մեխանիզմը հնարավորություն է տալիս բարձրացնել բոլոր քաղաքացիների աշխատանքային կենսաթոշակները։ Անկախ չափից՝ բարձրացվելու են բոլոր աշխատանքային կենսաթոշակները»,- հավելել է Բայրամովը։