Քահրամանմարաշում բացվել է Հեյդար Ալիևի անվան տարրական դպրոցը
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որը տուժել է ավերիչ երկրաշարժից, բացվել է Հեյդար Ալիևի անվան տարրական դպրոցը։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլլաևը և նրա թուրք գործընկեր Յուսուֆ Թեքինը։
Էմին Ամրուլլաևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունը գոյություն ունի ոչ միայն խոսքով, այլև գործով։ Նա նշել է, որ երկու երկրները միշտ միասնություն են դրսևորել, ինչը կարևոր է ամբողջ թյուրքական աշխարհի հզորացման համար։
Նախարարը նաև շնորհավորել է քաղաքի բոլոր բնակիչներին դպրոցի բացման կապակցությամբ. «Հաջողություն եմ մաղթում այս դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին։ Ես կուզենայի, որ Հեյդար Ալիևի անունը կրող այս դպրոցը եղբայրանա և աշակերտներ փոխանակի Ադրբեջանի դպրոցներից մեկի հետ»։