Էմոմալի Ռահմոնը պետական այցով կժամանի Ադրբեջան
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պլանավորում է այս տարվա մայիսի երրորդ տասնօրյակում պետական այց կատարել Ադրբեջան։
Ըստ Report-ի՝ այս մասին Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են՝ նախարար Սիրոջիդին Մուհրիդդինի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։
Նախարարների հանդիպումը կայացել է Մինսկում՝ Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հարթակներում։ «Նախարարները մտքեր են փոխանակել նաև՝ մայիսի երկրորդ տասնօրյակում Ադրբեջանում Տաջիկստանի մշակույթի օրերի, Տաջիկստանի կինոյի օրերի և տաջիկա-ադրբեջանական բիզնես ֆորումի անցկացման շուրջ»,- ասել են ԱԳՆ-ում՝ նշելով, որ քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցած տարվա ապրիլին պետական այցով եղել է Դուշանբեում։ Տաջիկստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքը դարձավ համագործակցության 14 փաստաթղթերի ստորագրումը։ Իլհամ Ալիևը կրկին Դուշանբե է ժամանել սեպտեմբերին՝ որպես Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպմանը պատվավոր հյուր։