Ջեյհուն Բայրամով. Մեծամորի ԱԷԿ-ում կիրառվում են հնացած տեխնոլոգիաներ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Մարտի 3-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ, ով Ադրբեջան է ժամանել՝ մասնակցելու Չմիավորման շարժման COVID-19-ի դեմ պայքարի կոնտակտային խմբի գագաթնաժողովին։
ԱԳՆ-ից Caliber.Az-ին հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև միջուկային անվտանգության հարցեր և տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը երկար տարիներ ՄԱԳԱՏԷ-ի հետ համատեղ ծրագրեր է իրականացնում բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, նավթաքիմիական արդյունաբերությունը, բժշկությունը և այլն: Նախարարը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ և ընդգծել, դրա ընդլայնման համար մեծ հեռանկարների առկայությունը:
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս միջուկային անվտանգության ապահովմանը, կարևորել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից սահմանված անվտանգության չափանիշների պահպանումը, մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամանակ, որտեղ Հայաստանն օգտագործում է հնացած տեխնոլոգիաներ։