Ես ընդունում եմ մեղքը պատերազմի համար, անհրաժեշտ է շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տվյալներ է հրապարակել Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների մասին և կրկին անդրադարձել տեղի ունեցածի պատճառներին։
«44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է: Նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել 2021 թվականին:
Գերազմանատներում շարունակաբար ու անվերջ ծածանվող մեր պետական դրոշներն են 2021-ի հիմնական սիմվոլն ու այդպես էլ չհեռացող, մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ»,- Հայաստանի ԱԺ այսօրվա նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Caliber.Az-ը:
Փաշինյանը հայտնել է, որ հարցազրույցներից մեկում ասել է՝ եթե իրեն ուզում են օբյեկտիվ մեղադրանքներ վերագրեն, ապա պետք է մեղադրեն ոչ թե հողերը հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ և նկատեց, որ խոստովանում է այդտեղ իր մեղավորությունը:
«Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանտվությունը թե՛ պատերազմի, թե՛ պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով նաև դավաճանության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը:
«Մեղավոր եմ, որ 2018-19թթ. մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են՝ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման և կառավարման հարցերում:
Մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները, ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի այս ամենը: Պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ դա է իր իրական մեղքը, բայց այն ձևակերպելն իրավիճակը մեղմացնելու փորձ չէ:
«Ընդհակառակը, դրանով ավելի եմ սրում, քանի որ հանձնելով գուցե և կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ կարող այս մասին ուղիղ չասել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին ու ժողովրդին։ Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է Հայաստանի համար։ Միջազգային հանրությունը մեզ ուղիղ ասում էր` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Ղարաբաղի շուրջ։ Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք` մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»,– ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է արագ պետք է իրականացվի:
Փաշինյանը նշել է, թե որն է այս հարցում իրենց մարտավարությունը. «Ճշտել սահմանների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրել այդ նույն հարցում Հայաստանի դիրքորոշումները, մեր դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն սահմանների ճշգրտման հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ, այդ լեգիտիմության ճանաչումը ստանալ միջազգային հանրության շրջանում և այս հենքի վրա համաձայնության հասնել Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ»։
«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի հարցը միտված է նրա անվտանգության ապահովմանը»,- կարծում է Հայաստանի վարչապետը։