Ադրբեջանում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Հունվարի 29-ին Ադրբեջանի 685 մունիցիպալիտետներում ընտրություններ են անցկացվել։ Ընտրողները պետք է ընտրեին այս մունիցիպալիտետների 8071 անդամներին, որոնք ընդգրկում են Ադրբեջանում գործող 125 օկրուգներից 118-ի տարածքները։ Օրվա ընթացքում հանրությունը հինգ անգամ տեղեկացվել է ընտրողների մասնակցության մասին։ Արդյունքում քվեարկությանը մասնակցել է 1 մլն 874 հազար 810 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 31,45 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, ընտրությունները բոլոր ընտրատարածքներում անցել են նորմալ պայմաններում, օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել հաղորդագրություններ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։
Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Ընդգծելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ թեժ գիծ բողոքներ չեն ստացվել, Փանահովը նշել է, որ բոլոր ընտրատեղամասերը բացվել և փակվել են ժամանակին` ժամը 08:00-ին և 19:00-ին: Նրա խոսքով, այն բանից հետո, երբ ընտրատեղամասերում բոլոր ընտրողները ազատ քվեարկել են, ընտրություններն ավարտվել են, և տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան հանձնվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին: Արդյունքներն այնուհետև հրապարակվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում։
Նշենք, որ ԿԸՀ-ի կայքում արդեն կան տվյալներ բոլոր 118 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, որտեղ անցկացվել են ավագանու ընտրություններ, ինչպես նաև 4872 ընտրատեղամասերից, այսինքն՝ դրանց ընդհանուր թվի 83,34 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, տվյալներ են ստացվել 660 մունիցիպալիտետներից։