Ամիրբեկով. COP29-ն Ադրբեջանում անցկացնելու Երևանի համաձայնությունը վստահության ամրապնդման միջոցառումների արդյունք է
Հայաստանը, որպես COP բյուրոյի անդամ, համաձայնվել է, որ Ադրբեջանը հյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանը (COP29)։ Սա վստահության ամրապնդման միջոցառումների արդյունք է:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին գերմանական Zeit թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նրա խոսքով, նպաստավոր միտում է նաև երկրների միջև զինծառայողների փոխանակումը, ինչը նույնպես նպաստում է Բաքվի և Երևանի միջև վստահության ամրապնդմանը։
«Ուշադրություն դարձրեք Հայաստանի հետ COP-29 կլիմայական կոնֆերանսի վերաբերյալ համաձայնագրին։ Մենք պայմանավորվեցինք 32 հայ զինվորականների երկու ադրբեջանցի զինվորականների հետ փոխանակման շուրջ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը դարձավ COP բյուրոյի անդամ և իր հերթին համաձայնեց, որ COP29 կլիմայական համաժողովը այս տարի անցկացվի Ադրբեջանում։ Սա վստահության ամրապնդման միջոցառումների արդյունք էր և ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դա անել»,- ասել է Ամիրբեկովը։







