Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը աջակցելու պատրաստակամության մասին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք երկու առաջնորդներին, և բոլոր մակարդակներում հասկացրել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Նա ասել է, որ Վաշինգտոնը կոչ է արել Երևանին և Բաքվին՝ զերծ մնալ հետագա մարտական գործողություններից և երկխոսություն անցկացնել՝ նշելով լարվածությունը նվազեցնելուն օգնելու ԱՄՆ մտադրությունը։
«Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմքերի վրա՝ լարվածությունը թուլացնելու համար։ Մենք վճռական ենք մնում անել հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագա ապահովելու համար»,- ասել է Փրայսը: