«Երևանի դիրքորոշումը նյարդայնացնում է Մոսկվային» Փորձագետը՝ Լավրովի Բաքու այցի նպատակների մասին
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցը Բաքու սկսվում է այսօր և խոստանում է լինել հագեցած՝ հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, մասնակցություն ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի (ՌԱՓԽ) լիագումար նիստին և այլն։
Այսպիսով, որքանո՞վ կհաջողվի Լավրովի այցը տարածաշրջանում տեղի ունեցողի ֆոնին։ Ի՞նչ են պայմանավորվելու Բաքուն և Մոսկվան:
Քաղաքագետ, տնտեսագիտության դոկտոր, Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչենկոն, ով նույնպես ռուսական պատվիրակության կազմում կմասնակցի ՌԱՓԽ -ի առաջիկա լիագումար նիստին, Caliber.Az-ին տված հարցազրույցում նշել է, որ Լավրովի այցն Ադրբեջան նախևառաջ հանդիսանում է բարձր քաղաքական մակարդակով դիվանագիտական երկխոսության մաս:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը 2022 թվականի վերջին այցելեց Ռուսաստանի Դաշնություն, և այս այցը կարելի է դիտարկել որպես պատասխան այց։ Ընդ որում՝ ես կառանձնացնեի դրա երկու առանցքային ասպեկտները. մի կողմից, Մոսկվան և Բաքուն քննարկում են Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող տարածաշրջանային հարցեր և ավելի լայն Մերձավոր Արևելքի համատեքստում։
Բայց հիմա նոր թեմա է ավելանում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի գործնական իրականացումը և Թուրքիայի սարսափելի երկրաշարժի հետևանքները տարածաշրջանային հարաբերությունների համար»,- ասել է Տկաչենկոն։
Ուստի, ըստ նրա, բանակցությունների տարածաշրջանային ասպեկտը միանշանակորեն կվերաբերի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, խաղաղ կարգավորման հեռանկարներին՝ «ներառյալ պետական սահմանի որոշումը և Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի միջև հաղորդակցության բացումը»:
Եվ հենց այս պահերն են կազմելու «բանակցությունների հիմնական սյուժեն», բայց ընդհանուր առմամբ, քաղաքագետի ենթադրությամբ, այցի բովանդակությունը կներառի երկկողմ հարաբերությունների և ավելի լայն տարածաշրջանային համատեքստի հարցեր։
«Ես մեծ հույսեր եմ կապում ստեղծագործ և բարեկամական մթնոլորտի հետ, որն առկա է ադրբեջանա-ռուսական հարաբերություններում ինչպես ամենաբարձր քաղաքական մակարդակում, մեր նախագահների միջև, այնպես էլ արտգործնախարարների մակարդակով։ Վստահ եմ, որ այս այցը կծառայի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Տկաչենկոն։