«3+3» - նոր հեռանկարներ, թե՞ կորցրած արդիականություն Երեք փորձագիտական կարծիքներ Caliber.Az կայքում
«3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան + Թուրքիա, Ռուսաստան, Իրան) հանդիպման վայրի ամսաթվերը և վայրը որոշելու համար պետք է քննարկումներ անցկացվեն։ Այդ մասին, ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները՝ հայտարարել են Հայաստանի ԱԳՆ-ում։ Սակայն, կողմերի հանդիպումը նախապատրաստելու աշխատանքները, ըստ երևույթին՝ անցկացվում են։ Սա հաստատում են նախկին հայտարարությունները Երևանից և Մոսկվայից։
Այսպես, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը այս տարվա օգոստոսին իրանական «IRNA» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը նոր գլուխ է բացել «3+3» ձևաչափով երկխոսության համար, իսկ դրա շրջանակներում հաջորդ հանդիպումը նախատեսվում է Բաքվում կամ Երևանում։
«Մենք համարում ենք, որ երկխոսության այս ձևաչափը կարող է հարմար հարթակ դառնալ տարածաշրջանային նախագծերի քննարկման համար, հատկապես տրանսպորտի և ենթակառուցվածքային հաղորդակցությունների ոլորտում», - ասել է նա։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի երրորդ նախարարական հանդիպումը նախապատրաստվում է, իսկ Մոսկվան կողմ է, որպեսզի հաջորդ երկու հանդիպումները կայանան Բաքվում և Երևանում։
«3+3» ձևաչափով առաջիկա հանդիպման և դրա հեռանկարների մասին ի՞նչ են մտածում Ադրբեջանում և մյուս մասնակից երկրներում: Այս հարցը հատկապես արդիական է այսօր, քանի որ այս հարթակում ընդգրկված պետությունների միջև կան զգալի լարվածություններ և հակասություններ, օրինակ՝ Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի հռետորաբանությունում նկատվում են բոլորովին ոչ բարեկամական երանգներ: Այս առնչությամբ Caliber.Az-ում իրենց կարծիները են հայտնել ադրբեջանցի, թուրք և վրացի քաղաքագետները:
Այսպես, Հարավային Կովկասի հետազոտաությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը նշել է, որ «3+3» ձևաչափը առայժմ չի կարելի անվանել լիարժեք, քանի որ դրանում բացակայում է Վրաստանը:
«Ռուսական նախաձեռնության այն շեշտադրումը, որպեսզի հանդիպումը անցկացվի Ադրբեջանի կամ Հայաստանի մայրաքաղաքում, ըստ երևույթին, ունի իր նախադրյալները և հաշվարկված է նրա վրա, որպեսզի այդ երկրները ավելի լուրջ վերաբերվեն այս ձևաչափին, որտեղ միաժամանակ առկա է Ռուսաստանի և Իրանի համախմբված դիրքորոշումը։
Մյուս կողմից, կա հիպոթետիկ հավանականություն, որ վրացական պատվիրակությունը կարող է այցելել, օրինակ, Ադրբեջանի կամ Հայաստանի մայրաքաղաքներ։ Միևնույն ժամանակ, եթե հանդիպումը տեղի ունենար Մոսկվայում, միանգամայն ակնհայտ է, որ Վրաստանը այնտեղ չէր լինի, ինչպես ասում են, ինքնաբերաբար», - ասել է Ֆ. Մամեդովը։
Նա նաև նշել է, որ չնայած կողմերի միջև առկա հակասություններին, դրան մասնակցող հինգ երկրներից ոչ մեկը չի հրաժարվում ձևաչափից, այն պետք է շարունակել ու զարգացնել, բայց ելնելով նրանից, որ բոլոր պետությունները անցկացնում են իրենց սեփական քաղաքականությունը տարածաշրջանում։
«Սա ոչ մի կերպ չի սահմանափակում տարածաշրջանի երկրներին, առաջին հերթին՝ Ադրբեջանին և Հայաստանին, ինչպես երկկողմ ձևաչափով հարաբերությունները կարգավորելու, այնպես էլ հաղորդակցությունները բացելու շուրջ կոնկրետ որոշումներ կայացնելու հարցում», - ընդգծել է Ֆ. Մամեդովը։
Իր հերթին, թուրք-ղազախական քաղաքական գործիչ և քաղաքագետ, «Մեծ Թուրանի միություն» հիմնադրամի հիմնադիր Սերիկժան Մամբետալինը հիշեցրել է, որ Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո առաջարկված «3+3» ձևաչափը նպատակաուղղված է ամրապնդել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցությունը՝ առանց արևմտյան երկրների մասնակցության։
«Հարկ է նշել, որ առաջին անգամ ի հայտ է եկել տարածաշրջանային երկրների միջև շփման, նրանց միջև երկխոսություն փնտրելու մշտական հարթակ, այնպես որ դրա անհրաժեշտությունը, անշուշտ, կա», - ասել է քաղաքագետը։
Նրա կարծիքով, ձևաչափի նպատակը առաջին հերթին՝ երկխոսության հաստատումն է և փոխադարձ առևտրի ու ենթակառուցվածքային նախագծերի խթանումը։
«Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև անմիջական շփման հարթակը կօգնի նվազեցնել նոր ռազմական բախումների ռիսկը, իսկ Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին՝ ավելի ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում», - ամփոփել է Ս. Մամբետալինը։
Վրացի վերլուծաբան Արկադի Նոզաձեի կարծիքով, եթե Թբիլիսին դեռ չի միացել այս բանակցային ձևաչափին, դա չի նշանակում, որ ապագայում նման բան չի կարող տեղի ունենալ։
«Հիմա Վրաստանը բավականին բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և միանգամայն ակնհայտ է, որ ռուսական կողմը պետք է ձեռնարկի մի շարք կարևոր քայլեր դրանք նորմալացնելու համար։ Սա, առնվազն, մի քանի տարվա հարց է։ Վրաստանը հստակ պայմաններ է առաջադրել Ռուսաստանի հետ լիարժեք դիվանագիտական կապերի վերականգնման համար, Մոսկվայում դրանց մասին հիանալի գիտեն, և այդ պայմաններում չկան երկիմաստություններ։ Սակայձն, «3+3» ձևաչափը ծայրահեղ կարևոր է տարածաշրջանի համար և մասնավորապես Թբիլիսիի համար, դրա աշխատանքային ներուժը շատ բարձր է, և ես չեմ բացառում, որ որոշակի փուլում Վրաստանը կորոշի միանալ դրան՝ առանց սպասելու Մոսկվայի հետ երկրի տարածքային ամբողջականության վերաբերյալ լիակատար կոնսենսուսի։ Սակայն, իհարկե, այն դեպքում, եթե Ռուսաստանը այդ ուղղությամբ որոշակի շարժում ցուցաբերի և չշպրտի դատարկ խոստումներ, ինչպես հիմա է», - ասել է քաղաքագետը։
Ընդհանուր առմամբ, ընդգծել է փորձագետը, «3+3» ձևաչափը ծայրահեղ անհրաժեշտ է տարածաշրջանի համար։ Սա՝ ունիվերսալ հարթակ է, և դրա կարևոր առավելություններից մեկը՝ տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող, բայց Հարավային Կովկասում և նրա շրջակա տարածաշրջաններում որոշակի ընդհանուր շահեր ունեցող երկրներին բանակցային սեղանի շուրջ բերելու հնարավորությունն է։ Այս հարթակում հնարավոր են երկխոսության շատ հետաքրքիր կոնֆիգուրացիաներ որոշակի կողմերի միջև, որոնց շփումները երբեմն բարդանում են երկկողմանի ուղու վրա։
«Այս պահին մենք ունենք տարածաշրջանում երկխոսության մի շարք նշանակալի առաջընթացներ, որոնք բացվում են Բաքվի և Երևանի միջև վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո, ուստի ես ակնկալում եմ ձևաչափի աշխատանքի նոր ակտիվ փուլ: Եվ սա, առաջին հերթին՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, Ասիայի և Եվրոպայի միջև «TRİPP» եզակի տարանցիկ երթևեկության մեկնարկի հետ կապված մի շարք հարցերի քննարկումն է: Այս իրադարձությունների, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման ֆոնին «3+3» ձևաչափը բոլորովին նոր շունչ և հեռանկարներ է ստանում: Ահա թե ինչու, ըստ էության, ես չեմ բացառում ինչ որ մի պահ նրան Թբիլիսիի միանալը՝ տարածաշրջանում այդչափ կարևոր փոփոխությունները պահանջում են բոլոր տարածաշրջանային դերակատարների մասնակցությունը, քանի որ դա նրանց շահերից է բխում: Վրաստանը կապված չէ Հայաստանի միջով նոր տարանցիկ ուղու հետ, բայց ակնհայտ է, որ ծագում են դրա շրջանակներից դուրս եկող բազմաթիվ կարևոր թեմաներ, մասնավորապես՝ տնտեսական պլանի և անվտանգության հարցեր, որոնք այս կամ այն կերպ կներառեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Վրաստանը և Ռուսաստանը: Այո և Թբիլիսիի ու Մոսկվայի, ինչպես նաև Մոսկվայի և Բաքվի ու Երևանի միջև հարաբերություններում առկա բարդությունները նույնպես իրենց հետքն են թողնում կողմերի բանակցային նախաձեռնությունների և շփումների վրա: Սակայն հենց այնպիսի ձևաչափերն են, ինչպիսին է «3+3»-ը, որոնք ուղղված են տարածաշրջանում բազմաթիվ տնտեսական խնդիրների լուծմանը՝ որոնք էլ հանդիսանում են կողմերի միջև փոխըմբռնման գրավականը, որը անհրաժեշտ է նույնիսկ ամենաբարդ հարցերի շուրջ երկխոսություն գտնելու համար», - եզրափակել է Ա. Նոզաձեն։