Հայկական անորոշության երթուղին Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մի քանի օր առաջ պաշտոնական այցով այցելեց Հայաստան՝ առաջացնելով զգալի իրարանցում և հետաքրքրություն ոչ միայն երկրի ներսում, գրում է «Վերլք»-ը։
Պատճառը ակնհայտ է՝ երկար ժամանակի ընթացքում Հայաստանի իշխանությունները՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս եվրասիական վեկտորից հնարավորինս հեռու մնալու համառ ձգտումներ են ցուցաբերել։ Հենց այս ֆոնին էլ տեղի ունեցավ յուրօրինակ սենսացիա։ Եվ գործը բոլորովին էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հայտարարությունների, այլ նրա հայ գործընկեր արարատ Միրզոյանի հայտարարությունների մեջ է, որոնք հակասում են Փաշինյանի և նրա թիմի կողմից վարվող հակաեվրասիական քաղաքականությանը։ Այսպես, Միրզոյանը ընդգծել է, որ Երևանը չի պատրաստվում վերանայել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ձևաչափը։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին միանալու Հայաստանի ձգտումներին, ապա, նրա խոսքով, երկիրը այս առումով որևէ պաշտոնական դիմում չի ներկայացրել։ «Հայաստանի Հանապետությունը չի ներկայացրել Եվրամիությանը անդամակցության հայտ, այս ուղղությամբ բանակցություններ չեն ընթանում, և, համապատասխանաբար, հարցը, որը կարող էր ծագել այս ուղղությամբ՝ արդիական չէ», - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։
Իր հերթին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է. «Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, և այդ միությունից դուրս գալու ծրագրեր չունի»։
Սակայն նրանք մի պահի մասին նրբանկատորեն լռել են՝ նույն իշխանական թիմի նախաձեռնությամբ Հայաստանի «եվրոպական ուղու» մեկնարկի մասին օրենքի ընդունման վերաբերյալ։ Մանավանդ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը միանգամայն բարձր է հնչել։
Իսկ ի՞նչն է դրդել «թավշյա» կառավարությանը այդքան անսպասելիորեն խոնարհվել Ռուսաստանի առջև։ Պատճառը, հավանաբար, թաքնված է Նիկոլ Փաշինյանի վերջերս Ալբանիայի մայրաքաղաք՝ Տիրանա կատարած այցի մեջ, որտեղ անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ըստ երևույթին, Փաշինյանը այնտեղ եվրոպացիներից չի ստացել այն աջակցությունը, որի վրա նա հույս էր դրել՝ «Ռուսաստանից անջատվելու» ծրագրի իրականացման համատեքստում։
Արդյունքում, նա մենակ մնաց քաղաքական և տնտեսական խնդիրների մի ամբողջ կծիկի հետ՝ խնդիրների, որոնք Եվրոպան չունի լուծելու ո՛չ ռեսուրսներ, ո՛չ էլ առանձնակի ցանկություն։
Այնուհետև տեղի ունեցավ «Երևանյան երկխոսություն» անվամբ միջոցառում։ Երևան ժամանեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, և մայիսի 26-ին Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվեց Մտադրությունների մասին հռչակագիր։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մամուլի ասուլիսում, ամփոփելով իր գործընկերոջ հետ հանդիպումը, հայտնել է, որ Հռչակագիրը նախատեսում է համագործակցության խորացում, քաղաքական խորհրդակցությունների անցկացում, դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության զարգացում՝ ինչպես եվրոպական, այնպես էլ այլ գլոբալ հարթակներում:
Ավելին, Միրզոյանը լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները փաստորեն գտնվում են ռազմավարական մակարդակի վրա: Նրա խոսքով, երկու երկրների միջև կան համագործակցության բազմաթիվ գործիքներ և ոլորտներ, որոնք, ինչպես նա է արտահայտվել, «չկան ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ ունեցող երկրների մոտ»:
Այդուհանդերձ, նախարարը վստահեցրել է, որ կողմերը կաշխատեն նման փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ։
Նրանից անմիջապես հետո Ժան-Նոել Բարոն արձանագրեց, որ հարաբերություններն արդեն մեծ հաշվով ռազմավարական են։ Նրա խոսքով, նախատեսվում է պատրաստել փաստաթուղթ, որը կուրվագծի ապագայի քայլերը՝ այդ թվում նաև ռազմական ոլորտում։
Իսկ ի՞նչ են նշանակում Փաշինյանի քաղաքականության՝ մերթ դեպի հայ-ռուսական լիարժեք երկխոսության վերականգնում, մերթ դեպի Փարիզի հետ ռազմավարական հարաբերությունների հաստատում այս հռետորական շրջադարձերը։ Կլինի արդյո՞ք պարզություն, թե՞ մենք դեռ շատ անգամ կդառնանք նրա ականատեսներ, թե ինչպես է Հայաստանի իշխանությունը «շեղվելու» մերթ այս, մերթ մյուս ուղղությամբ։
Ռուսաստանցի քաղաքական մեկնաբանները իրենց տեսակետն են հայտնել Caliber.Az-ին։
Քաղաքագետ, «PolitRUS» փորձագիտական և վերլուծական ցանցի հիմնադիր Վիտալի Արկովը նշել է. «Փաշինյանի թիմի գործողությունները, անկասկած, թելադրված են ամենևին էլ ոչ թե համաքաղաքացիների մասին հոգատարությամբ, այլ ցինիկ և պրագմատիկ հաշվարկներով։ Առաջինը, Ռուսաստանի հետ տնտեսական նախագծերից և՛ վարչապետի ընտանիքը, և՛ նրա շրջապատը ստանում են անձնական գերշահույթներ։ Այդ թվում նաև Հայաստանի իշխանության կոռուպցիոն սխեմաների «լավագույն ավանդույթներում»։ Փաշինյանի արևմտամետ թեքության ֆոնին Մոսկվան սկսեց լրջորեն վերանայել Երևանի հետ հարաբերությունները, և իշխանության գլխին գտնվող հայկական վերնախավը անմիջապես զգաց այս հարվածը իր դրամապանակներին։
Արևմուտքի հետ, հատկապես պրագմատիկ և ժլատ եվրոպացի քաղաքական գործիչների հետ բարեկամանալու փորձը Փաշինյանի ռեժիմին չբերեց սպասվող դիվիդենտները։ Փարիզն ու Բրյուսելը շատ բան խոստացան Երևանին, բայց գործնականում ավելի շատ պահանջեցին, քան տվեցին։
Տիրանայում տեղի ունեցած միջոցառումը հարվածեց Փաշինյանի ինքնասիրությանը։ Այնպես որ Հայաստանի իշխանությունների առևտրային ընտրությունը ակնհայտ էր։
Երկրորդը, 2026 թվականի ամռանը Հայաստանում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, որոնցից կախված է Փաշինյանի ռեժիմի ապագան։ Այն պայմաններում, երբ նրա անձնական վարկանիշը Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության վերջնական կորստից հետո բարելավելու մեծ կարիք ունի՝ Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերի կոչ անող ընդդիմադիր քաղաքական գործիչների աջակցության մակարդակը վստահորեն աճում է։ Իսկ Ռուսաստանից և ՌԴ-ում հայկական սփյուռքի գործարար ներկայացուցիչների կողմից դրամական փոխանցումները կազմում են ՀՆԱ-ի առյուծի բաժինը։ Շարունակել Եվրամիության պահանջով վիճել Մոսկվայի հետ՝ բացահայտ ինքնասպանություն է և լիակատար հիմարություն։
Սա հասկացել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև ավելի վաղ հարևան Վրաստանում, որտեղ, չնայած Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի շուրջ Ռուսաստանի հետ լուրջ քաղաքական տարաձայնություններին, նրանք իմաստուն կերպով ընտրել են կառուցողական փոխազդեցության ռազմավարությունը»։
Երրորդը, Երևանում «քիթը պահում են քամու ուղղությամբ», - ենթադրում է վերլուծաբանը, և եզրակացություններ են անում գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ընթացիկ հարաբերություններից.
«Չորրորդ՝ ոչ բակաս կարևոր դեր է խաղացել Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում ֆաշիզմի դեմ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ տոնակատարություններին։ Շքերթին Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի ներկայությունը և Վլադիմիր Պուտինի հետ նրա շփման վստահելի բնույթը սթափեցնող տպավորություն են թողել ոչ միայն Փաշինյանի, այլ նաև հետխորհրդային տարածքի մի շարք այլ առաջնորդների վրա։ Սա հատկապես ուշագրավ է այն փաստի ֆոնին, որ եվրոպական կողմը, միջոցառումից կարճ ժամանակ առաջ, հստակեցրել է, որ շքերթին մասնակցությունը ծայրահեղ անցանկալի է։
Արդեն մայիսի 8-ի երեկոյանը, Կրեմլում կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ՝ նկատելի դարձավ, որ Երևանը նորից փոխել է իր քաղաքական վեկտորը. Փաշինյանը շփվել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ չնայած Մինսկը բոյկոտելու մասին նախկինում արված բարձրաձայն հայտարարություններին: Հիմա, մեծ հավանականությամբ, մենք Փաշինյանին կտեսնենք Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական չորրորդ ֆորումի լիագումար նիստում։
Կարելի է հեգնել Փաշինյանին և Միրզոյանին, բայց հիմա նրանք հստակորեն հասկացել են համաշխարհային քաղաքական միտումը և որոշել են խաղադրույք չդնել կաղ եվրոպական ձիու վրա: Մանավանդ՝ չաշխատել Փարիզի և Բրյուսելի շահերից ելնելով, ինչը կարող է թանկ նստել Երևանի վրա», - ասել է Վ. Արկովը։
Հարավային Կովկասի երկրների Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Միխայլովը նույնպես համարում է, որ Հայաստանը գտնվում է չամփաբաժինի վրա։
«Երբ բոլորը վստահ էին, որ Ռուսաստանը չի հաղթահարի Ուկրաինայում դրված խնդիրները, սկսվեց խուճապ՝ ուր փախչել: Այս ֆոնին Փաշինյանը շրջվեց դեպի արևմտյան հռետորաբանության և արևմտյան քաղաքական գործիչների կողմը: Հիմա, երբ Մոսկվան հաղթում է կոլեկտիվ Արևմուտքի դեմ պայքարում, Հայաստանի ղեկավարությունը դժվարին իրավիճակում է: Ամբողջ ճանապարհին նրանք Ռուսաստանի տակ էին, իսկ հետո՝ կտրուկ շրջադարձ։ Մոսկվան դա հանդուրժեց, դիվանագիտական հայտարարություններ արեց՝ չմիացնելով կոշտ լծակները։ Ուշադրություն չդարձրեց Փաշինյանի չարաճճիություններին ՀԱՊԿ-ում և այլ կառույցներում։
Եվ ահա Լավրովի Հայաստան այցից հետո, երբ նա ասաց, որ հարաբերություններում «սկզբունքային խնդիրներ» չկան՝ դա ամենևին էլ չի նշանակում, որ դրանք իրոք չկան։ Դա նշանակում է, որ Մոսկվան վստահ է. Հայաստանը «սուզանավից» ոչ մի տեղ չի գնա, և նա պարզապես ուրիշ ելք չունի, բացի Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելուց։
Եվրասիական միությունը, որի մեջ Հայաստանը առայժմ մտնում է՝ բերում է առավելագույն շահույթներ։ Հայկական ապրանքները Արևմուտքին հարկավոր չեն։ Երկրի բնակչությունը կախված է Ռուսաստանից եկող դրամական փոխանցումներից, Ռուսաստանի տարածքում աշխատանքից։
Ինչ էլ որ ասի Փաշինյանը, լիակատար խզում չի ստացվի։ Իսկ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը չի պլանավորում անդամակցել ԵՄ-ին՝ ծիծաղելի է։ Ո՞ւմ եք դուք այնտեղ պետք։ Հերթը շարված է՝ Թուրքիան և մյուսները։ «Եվրոպական ուղու» մասին հանրաքվեները ոչինչ չեն որոշում։ Թեկուզ տաս անգամ անցկացրեք՝ ձեզ չեն ընդունի։ Հետևաբար, հիմա Երևանը փորձում է նստել մի քանի աթոռների վրա։ Բայց հայ-ռուսական երկխոսության վերականգնումը անխուսափելի է։
Զուգահեռաբար, Հայաստանը կարող է հարաբերություններ կառուցել այլ երկրների հետ, բայց ոչ ի վնաս Ռուսաստանի հետ դաշնակցությանը Հակառակ դեպքում վտանգի տակ կհայտնվի ինքնին երկրի պետականությունը՝ դրանում ես վստահ եմ։ Իսկ առայժմ Երևանը ցուցաբերում է տատանում, մանևրելով արտաքին քաղաքականության կուրսերի միջև՝ փորձելով հարմարվել փոփոխվող համաշխարհային լանդշաֆտին։ Փոքր երկրները միշտ հարում են ուժեղներին, մանավանդ դեպի նրանց, ովքեր դարեր շարունակ օգնել են պահպանել հայ ժողովրդի ինքնությունը՝ իսկ դա հատկապես Ռուսաստանն է։
Եթե Հայաստանը Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելուց բացի ուրիշ ելք չունենա՝ դա կստեղծի խաղաղ երկխոսության հեռանկարներ: Իսկ Ֆրանսիայի հետ «ռազմավարական գործընկերության» մասին այդ բոլոր խոսակցությունները՝ պարզապես խոսքեր են: Փողերը գալիս են Ռուսաստանից, իսկ ֆրանսիական ռազմական օգնությունը հատուկ դեր չի խաղում: Ճգնաժամի դեպքում Հայաստանին պարզապես կճզմեն Թուրքիան և Ադրբեջանը: Երևանը ուրիշ ելք չունի, բացի Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելուց: Հակառակ դեպքում Փաշինյանը կստանձնի հայկական պետականության լիակատար տապալման ողջ պատասխանատվությունը», - ամփոփել է Միխայլովը: