ԵԱՏՄ-ն, պատժամիջոցները և TRIPP-ը Հայաստանը՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև
Արևմուտքի հետ Հայաստանի փոխգործակցության ակտիվացման ֆոնին՝ Մոսկվան դիվանագիտական ալիքների միջոցով Երևանին պարբերաբար հիշեցնում է հայ-ռուսական օրակարգի առանցքային թեզերի մասին: Այս առաքելությունը երեկ հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կատարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հերթական անգամ հնչեցնելով Մոսկվայի առաջնահերթությունները Հարավային Կովկասում:
«Մեզ համար Հարավային Կովկասում տեղի ունեցողը շատ կարևոր է: Ռուսաստանը՝ կովկասյան տերություն է», - հայտարարել է Կոպիրկին՝ նշելով, որ Մոսկվան ֆիզիկապես չի կարող հեռանալ տարածաշրջանից:
Այս ուղերձը, ըստ երևույթին, նախ և առաջ հասցեագրված է Արևմուտքին, որը, Մոսկվայի համոզմունքով, ձգտում է Հայաստանի միջոցով ամրապնդել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու նպատակով: Այսպիսով, Մոսկվան հերթական անգամ հասկացրել է, որ մտադրված չի նահանջել Հարավային Կովկասում իր նախկին դիրքերից, միաժամանակ ազդարարելով Երևանին արտաքին քաղաքականության ընտրության անխուսափելիության մասին: Այս տրամաբանության մեջ են տեղավորվում նաև Սերգեյ Կոպիրկինի խոսքերն այն մասին, որ «հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները ապրում են դժվարին փուլ և փորձարկվում են աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում»։
Չնայած Կրեմլի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ընտրությունը հանդիսանում է նրա ինքնիշխան իրավունքը՝ Մոսկվան այս հարցում պարբերաբար ճնշում է գործադրում Երևանի վրա, հիշեցնելով երկրի Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհամատեղելիության մասին: Այդ մասին չի զլացել նաև հիշեցնել Ռուսաստանի դեսպանը։
«Այս տարվա ապրիլին Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությունը իրավական հիմք ստացավ՝ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մեկնարկի մասին» օրենքի տեսքով։
Սակայն ակնհայտ է, և դա բազմիցս ընդգծվել է Ռուսաստանի ղեկավարության կողմից, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունը անհնար է», - նշել է Կոպիրկինը՝ դրանով հանդերձ ընդգծելով Հայաստանի համար ԵԱՏՄ-ին մասնակցությունից և ընդհանուր առմամբ Ռուսաստանի հետ համագործակցությունից տնտեսական օգուտները։
«Ռուսաստանը մնում է որպես Հայաստանի առաջին առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ և պարենային անվտանգության ժամանակի փորձությունը անցած երաշխավոր։ Ռուսական մասնակցությամբ ընկերությունները մտնում են Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուների թվում և ծանրակշիռ ներդրում են ունենում Հայաստանի քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության մեջ։ Կնշեմ նաև Հայաստանի 11-ամյա անդամակցության նշանակալի արդյունավետությունը ԵԱՏՄ-ում. այս տարվա առաջին ինը ամիսներին փոխադարձ առևտրի ծավալը հասել է գրեթե 5 միլիարդ դոլարի», - ընդգծել է դեսպանը։
Ըստ էության, ԵԱՏՄ-ի գործոնը մնում է Մոսկվայի ամենահամոզիչ փաստարկը Երևանի հետ հարաբերություններում, Ռուսաստանում անընդհատ դրան են դիմում, ընդգծելով դրա ֆինանսատնտեսական նշանակությունը Հայաստանի համար։ Նման դասավորությունը Մոսկվային հնարավորություն է տալիս ոչ միայն մանևրել այս հարցի շուրջ, այլ նաև օգտագործել ճնշնան տարրեր՝ ներառյալ տնտեսական շանտաժ, հարակից քաղաքական հարցերում, մասնավորապես՝ Հայաստանի հակառուսական պատժամիջոցներին հնարավոր միանալու հարցում։
Ռուսաստանի դեսպանը պատհականորեն չի հիշեցրել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Հայաստանի միանալու Եվրոպական Միության պահանջների մասին։
«Դեկտեմբերի 3-ին ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հստակորեն հասկացրել է, որ Հայաստանից ակնկալում է հակառուսական անօրինական պատժամիջոցներին միանալը։ Այն մասին, թե Հայաստանի տնետեսության համար դա ինչ հետևանքների կարող է հասցնել՝ Բրյուսելում, ըստ երևույթին, այդ մասին չեն մտածում», - հայտարարել է Կոպիրկինը, փաստորեն ուրվագծելով երկրի համար հնարավոր ծանր տնտեսական հետևանքները։
Դրանով իսկ Մոսկվան հասկացրել է, որ Երևանի հակառուսական պատժամիջոցներին միանալը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կոշտ հայտարարությունների շարքը Հայաստանի Եվրամիությանը միանալու հնարավոր հետևանքների մասին, որոնք նա բազմիցս արել է տարվա ընթացքում, միայն հաստատում է այդ գիծը։ Մասնավորապես, նա բազմիցս ընդգծել է, որ նման քայլը անխուսափելիորեն կհանգեցնի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալուն և նրա համար եվրասիական շուկայի փակվելուն։
«Մեզ համար սա ազդանշան է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը՝ ԵԱՏՄ-ից նրա դուրս գալու սկիզբն է», - նա հայտարարել էր դեռ այս տարվա սկզբին։
Նմանատիպ ազդանշաններ նախկինում հնչել են նաև Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի մակարդակով։ Այսպես, այս տարվա հոկտեմբերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը, զգուշացրել է այս քայլի լուրջ քաղաքական հետևանքների մասին, առաջին հերթին՝ ազգային ինքնիշխանության մի մասի կորստի վերաբերյալ։
«Եվրամիությանը միացողները պետք է հրաժարվեն իրենց ինքնիշխանության մի մասից, օրինակ՝ արտաքին քաղաքականության որոշումներ կայացնելու դեպքում։ Նրանք թեկնածուներից պահանջում են՝ դեռ սկզբնական փուլում, ոչ թե նույնիսկ անդամ պետություններից, այլ թեկնածու երկրներից՝ պատժամիջոցներ կիրառեն նրանց նկատմամբ, որոնց Եվրամիությունը անվանել է իր հակառակորդներ և այլն։ Իհարկե, սա ինքնիշխանությունից հրաժարում է՝ իրավունքի, դրամավարկային քաղաքականության, միգրացիոն ռեժիմի և շատ այլ ոլորտներում», - այն ժամանակ հայտարարել է Զախարովան։ Նրա խոսքերը շատ բանում համահունչ են Հայաստանում Ռուսաստանի դեսպանի վերջին հայտարարություններին։
Այս առումով գործնականում կասկած չկա, որ Ռուսաստանը կշարունակի կայուն կերպով մեծացնել դիվանագիտական ճնշումը Երևանի վրա՝ ձգտելով կամ Հայաստանի վերջնական հրաժարմանը ԵՄ-ին միանալու գաղափարից, կամ առնվազն՝ այդ հարցի անորոշ ժամանակով սառեցմանը։
Սակայն վերադառնանք Ռուսաստանի դեսպանի հարցազրույցին, ավելի ճիշտ՝ TRIPP նախագծի հետ կապված ևս մեկ կարևոր կետին։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Ռուսաստանը հայտարարել է իր պատրաստակամության մասին միանալու՝ «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախաձեռնությանը՝ Զանգեզուրի միջանցքի այն հատվածին, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Մասնավորապես, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ-ի չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտնել է, որ «Մոսկվան պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Երևանի հետ «Թրամփի ճանապարհ» (TRIPP) նախաձեռնության պարամետրերի վերաբերյալ և քննարկել նախագծին Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը»։ Իր հերթին, Սերգեյ Կոպիրկինը, մեկնաբանելով Մոսկվայի հետաքրքրությունը այս նախագծի նկատմամբ, Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը ուղղակիորեն կապել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ։
«Թրամփի երթուղին» կարող է ազդել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վրա, քանի որ հանրապետության տարածքով բեռների տարանցումը կարգավորվում է այդ թվում նաև եվրասիական միավորման օրենքով։ Մենք պատրաստ ենք մեր հայ գործընկերների հետ այս հարցի շուրջ առարկայական խորհրդակցությունների», - նշել է ռուս դիվանագետը՝ դրանով իսկ փաստորեն հաստատելով Հայաստանում ռուսական երկաթուղային ենթակառուցվածքների դերի առնչությամբ Միխայիլ Կալուգինի նախկինում արված հայտարարությունները ։
Նախկինում Կալուգինը հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը, որը «Ռուսական երկաթուղիներ» ՍՊԸ-ի դուստր կառույց է՝ ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա, իսկ տարածաշրջանում օգտագործվում է ռուսական երկաթուղագիծը։
Ելնելով ռուսական կողմի հայտարարություններից՝ կարելի է ենթադրել, որ TRIPP նախագծում Մոսկվայի ներգրավվածության հարցով Հայաստանի անորոշ դիրքորոշման ֆոնին՝ Ռուսաստանը հասկացնում է. Երևանը ցանկացած դեպքում ստիպված կլինի հաշվի առնել Ռուսաստանի շահերը տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, Եվրամիության հետ Հայաստանի պլանաչափ մերձեցման ֆոնին, Մոսկվայի և Երևանի միջև առանց այդ էլ բարդ հարաբերություններում լարվածությունը, ըստ երևույթի, կարող է վերաճել համակարգային ճգնաժամի։ Առայժմ Երևանին հաջողվում է հետաձգել որոշումը։ Սակայն, դատելով ավելի ու ավելի հաճախակի և կոշտ ռուսական ազդանշաններից, Հայաստանին, հավանաբար, թույլ չեն տա այս հարցը ձգձգել։







