«Երևանը ակնկալում է Մոսկվայի կողմից Բաքվի հասցեին կոշտ քննադատություն» Ռուսաստանցի փորձագետը Caliber.Az կայքում
«ՀԱՊԿ-ի գործունեության մասին Նիկոլ Փաշինյանի սառը հայտարարությունները կարող են կապված լինել Հայաստանի վարչապետի՝ երկրում բողոքի տրամադրությունները արտաքին ուժերի կողմը վերաուղորդելու ցանկության հետ»,- կանխատեսում է ռուս քաղաքագետ, Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխաիլ Նեյժմակովը՝ Caliber.Az-ին մեկնաբանելով Հայաստանի վարչապետի հայկական հեռուստաալիքին տված հարցազրույցը։
Չարժե մոռանալ, հավաստում է քաղաքագետը, որ Բաքվի և Երևանի միջև լարվածության աճի ժամանակահատվածում Հայաստանում ակտիվանում են նաև ՀԱՊԿ-ի հասցեին քննադատությունները։
«Նման բաներ կարելի էր նկատել և 2021-2022 թվականներին, մասնավորապես 2021 թվականի գարնանը՝ Սև լճի (Գարագյոլ-խմբ.) շուրջ լարվածության պայմաններում: Այսինքն՝ այս դեպքում Նիկոլ Փաշինյանն և նրա թիմի անդամները (հիշենք, օրինակ, ՀԱՊԿ-ի քննադատությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից) ձգտում են խլել այն օրակարգը, որն իրենց դեմ կարող են օգտագործել նրանց որոշ ընդդիմախոսները։ Ի վերջո, նաև պետք է հաշվի առնել, որ 2022 թվականի նոյեմբերին Երևանում պետք է անցկացվի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը։ Հնարավոր է, որ Հայաստանի կառավարությունում ակնկալում են, որ այս միջոցառման նախօրեին Երևանի բանակցային դիրքերը կարող են ամրապնդվել՝ եթե ոչ ռազմավարական, ապա ավելի իրավիճակային հարցերով»,- նշում է Մ.Նեյժմակովը։
Դրա հետ մեկտեղ, ռուս փորձագետի կարծիքով, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը մոտ ապագայում դժվար թե տեղի ունենա, թեկուզ միայն այն պատճառով, որ այդ նույն ԱՄՆ-ը դեռ երկրի անվտանգության աջակցման մասին բավականին կոնկրետ պարտավորություններ չեն տվել։
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ իր պաշտպանական կարիքների առնչությամբ Երևանի կարծիքները լսելու խոստումները դեռ շատ շրջահոսուն են։ Բայց Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ Մոսկվայի հետ երկխոսությունում սեփական բանակցային դիրքերն ամրապնդելու համար գրեթե անկասկած կփորձի օգտագործել ԱՄՆ-ից նման բարձրաստիճան պաշտոնյայի Երեւան այցի գործոնը»,- հավելել է նա։
Դրանով հանդերձ Մ.Նեյժմակովը նշել է, որ Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի իշխանական մարմինների «հրապարակայնորեն ձեւակերպված դիրքորոշումների անկեղծության» մասին ռեպլիկան իրականում շատ զգույշ է արտահայտվել։
«Իզուր չէ, որ այն ուղեկցվել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գործունեության դրական գնահատականի ծավալմամբ։ Այստեղ, առաջին հերթին, կարող է լինել Ռուսաստանի պաշտոնյաների կողմից Բաքվի հասցեին անմիջական քննադատության Երևանի ակնկալիքի մասին ակնարկը։ Այդ ռեպլիկան կարելի է դիտարկել նաև Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցիչների և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի միջև ՀԱՊԿ-ի գործունեության գնահատականների կամ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ հեռակա բանավեճի համատեքստում։ Ի վերջո, թեև Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում բողոքարկել է հատկապես Ռուսաստանի իշխանական մարմիններին՝ միգուցե, նման ձևով նա արձագանքել է ռուսական բազմաթիվ լրատվամիջոցների կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործմանը, ինչը Երևանի համար անընդունելի է։
Ցանկացած դեպքում, այստեղ շատ բանում կրկին Փաշինյանի ձգտումն է՝ զերծ մնալ Հայաստանի ներսում ընդդիմախոսների քննադատությունից, որոնք բազմիցս կառավարությանը մեղադրել են Բաքվի շահերից ելնելով զիջումներ նախապատրաստելու (այդ թվում նաև տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում) և Երևանի շահերը ոչ բավար ակտիվ պաշտպանելու մեջ»,- եզրափակել է մեր զրուցակիցը։