«ԵԱՀԿ Մինսկի խումբը կամովի գործից քաշվել է» Կորովինը՝ Զախարովայի ելույթի մասին
«Մարիա Զախարովան միանգամայն իրավացի է՝ մատնանշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի չկայացվածությունը, և նրա հիմնական փաստարկն այն է, որ այդ կառույցը կամովի դուրս է եկել բանակցություններից՝ հայտարարելով, որ այլևս չի ցանկանում համագործակցել Մոսկվայի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության շրջանակներում։ Մինչդեռ Մոսկվան Հարավային Կովկասում խաղաղության հիմնական և միակ աղբյուրն է»։
Caliber.Az-ին նման կարծիք է հայտնել Իզբորսկի ակումբի անդամ, Աշխարհաքաղաքական փորձագիտական կենտրոնի տնօրեն, Միջազգային եվրասիական շարժման փոխղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Վալերի Կորովինը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը՝ ի պատասխան Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրագրողի սադրիչ հարցերին:
Հիշեցնենք, որ հայկական հեռուստաընկերության ներկայացուցիչը հարցրել էր, թե ինչպես է Ռուսաստանի վերաբերվում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հայտարարությանը, թե
«Վաշինգտոնն աջակցում է գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ»։
Իր հերթին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը միանշանակ կասկած է հայտնել Դոնֆրիդի հայտարարության անկեղծության վերաբերյալ՝ նշելով, որ «եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևոր համարեին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական յուրահատուկ ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը»:
Փորձագետ Կորովինի կարծիքով՝ հրաժարվելով Մոսկվայի հետ համագործակցությունից՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը դուրս է եկել բանակցային գործընթացից և այլևս կապ չունի դրա հետ, ուստի ընդհանրապես այս ձևաչափին դիմելը շատ տարօրինակ է։
«Հնարավոր եմ համարում, որ Կարեն Դոնֆրիդը տեղյակ չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կամովի դուրս է եկել բանակցություններից, իսկ ԱՄՆ-ն աջակցում է բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու գաղափարին։ Իրականությունն այն է, որ ԱՄՆ-ն աջակցում է ցանկացած կառույցի, որն աշխատանքն ուղղված է Կովկասում իրավիճակի ապակայունացմանը։ Ամերիկացիներին Ղարաբաղում կայունություն և խաղաղություն պետք չէ, քանի որ դա ամրապնդում է նրանց հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդի՝ Ռուսաստանի դիրքերը։ ԱՄՆ-ին պետք է պատերազմ Կովկասում, ցանկալի է՝ մշտատև, ցանկացած տարածաշրջանում և ցանկացած պատրվակով։ Ընդ որում՝ փորձում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործոնն օգտագործել որպես պատերազմի հիմնական կատալիզատոր։ Փաստորեն, այս տարիների ընթացքում, քանի դեռ միջազգային այս կառույցը մասնակցում էր բանակցային գործընթացին, տեղի էր ունենում իրավիճակի թեժացում, հակամարտության հրահրում։ Այսինքն՝ ամերիկացիների համար կարևոր է հակամարտություն սկսել, թեժացնել ու ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Ուստի ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է Մինսկի խմբին վերադարձնել բանակցային գործընթաց՝ Կովկասում հակամարտությունը վերսկսելու և դրանով Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու համար։ Նրանք դա ցանկանում են հենց հիմա, որպեսզի փոշեցրիվ անեն ռուսական կողմի ուժերը և նրանց մի մասը դուրս բերեն Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների գոտուց։ Ուստի բախումների վերսկսման հավանականությունը շատ մեծ է, և ամերիկացիները, ամենայն հավանականությամբ, կհրահրեն նրանց՝ օգտագործելով արտերկրում գտնվող հայկական ազդեցիկ լոբբիի հնարավորությունները, գուցե նաև քրդական գործոնը»,- կարծում է ռուս քաղաքագետը։
Մինչդեռ, Կորովինը համոզված է, որ հայկական կողմը գոհ չէ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքներից, չի ցանկանում համակերպվել Ղարաբաղում հաստատված կարգի հետ։
«Այդ իսկ պատճառով, Երևանը փորձում է կառչել ցանկացած հնարավորությունից՝ որպեսզի հասնի իրերի ներկա վիճակի վերանայմանը: Հայաստանը քաջ գիտակցում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս կապ չունի բանակցային գործընթացի հետ և հստակ գիտակցում է, որ Ղարաբաղում խաղաղությունը կախված է միայն Մոսկվայից։ Սակայն, միևնույն ժամանակ, հույսը չեն կորցնում, որ օգտագործելով ցանկացած առիթ՝ կկարողանան վերադառնալ 44-օրյա պատերազմին նախորդող ժամանակաշրջան: Նման սցենար, ավելի հավանական է Մոսկվայից բացի այլ ուժային կենտրոնների աջակցությամբ։ Ընդհանրապես, հենց դա է փորձում անել հայկական իսթեբլիշմենթի արևմտամետ լիբերալ հատվածը»,- ընդգծել է Կորովինը։